ԼՂՀ մշակույթի նախարարին խնդրում են դադարեցնել «Միսս և Միստր Բեյբի Արցախ» ծրագիրը
«Արցախյան Միասնություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը բաց նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի տիկին Աղաբալյան,
Ցավով պետք է նշենք, որ այսօր Արցախում այնպիսի անորակ մի ծրագիր է իրականացվում, որը կոչվում է «Միսս և Միստր Բեյբի Արցախ»: Դիտելով ծրագրի վերաբերյալ թողարկումը, հետևելով սոցիալական ցանցերում առկա քննարկումներին՝ պետք է ասել, որ այս և նմանատիպ ծրագրերը մանկահասակներին հոգեբանական խիստ բացասական ազդեցության են ենթարկում, ինչպես նաև կարող են մշակութային զոհ դարձնել մեր ապագա սերնդին՝ շոուբիզնես տանող ճանապարհին նրանց դարձնելով ապազգային և անորակ մշակույթի կրողներ:
Ինչ վերաբերում է կազմակերպչական պատշաճ մակարդակի ապահովմանը, ապա հարկ է նշել, որ՝
1. Ծրագիրը, որն ակնկալում է անկողմնակալ ժյուրի, ամենակոպիտ և կողմնակալ ձևերով խախտված է` խախտելով դրանով նաև մասնակիցների իրավունքները:
2. Ծրագրի մասնակից երեխաները և նրանց ծնողները կազմակերպության կողմից հետագա կազմակերպչական և պարգևատրման ֆոնդի մասին պատկերացում ունեն կազմակերպիչ «Աիշա Փրոդաքշն» ընկերության ներկայացուցչի բանավոր խոստումներից, այդ առնչությամբ բացակայում է որևէ իրավական և հաստատված ծրագիր:
3. Ծրագիրը նաև նախատեսում է SMS քվեարկությունը, որը վերը նշված հանգամանքների առկայությամբ կարելի է համարել գումար կորզելու փորձ:
Մենք քաջ գիտակցում ենք, որ մասնավորի կողմից իրականացվող ծրագրերը դուրս են մշակույթի և երիտասարդության նախարարության իրավական գործնական դաշտից, բայց և սա որևէ կերպ չպետք է խաթարի նախարարությանը վերապահված առաքելությունը, ուստի խնդրում և պահանջում ենք՝ հաշվի առնելով և՛ վերը նշված հանգամանքները, և՛ հասարակության շրջանում ձևավորված բացասական կարծիքն ու վերաբերմունքը` ընդհուպ մինչև որոշ մասնակից երեխաների և նրանց ծնողների կողմից ծրագրի մերժման դեպքերը՝ համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական դաշտի հետ ակտիվ աշխատելով`չթույլատրելու ծրագրի 3-րդ փուլի անցկացումը, ինչպես նաև հետագայում նմանատիպ ծրագրերի ներմուծումը Արցախ:
Մեր կազմակերպությունը, հանդիսանալով կրթամշակութային, երիտասարդական ՀԿ, կոչ է անում բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, հասարակության ակտիվ անդամներին միանալ այս նախաձեռնությանը և չթույլատրել այս ծրագրի իրականացումը Արցախում և կոչ անել մասնակիցներին հրաժարվել ծրագրից:
Լուսանկարը՝ asbarez.com-ի










