Գյումրիում սեպտեմբերին կանցկացվի քանդակագործների միջազգային սիմպոզիում

13:10 • 01.08.13

«Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի շրջանակներում Գյումրիում սեպտեմբերի կանցկացվի «Կենարար աղբյուր» խորագրով քանդակագործների սիմպոզիումը:


Ծրագրի ղեկավար, քանդակագործ Արթուր Գևորգյանի փոխանցմամբ՝ իրենք առայժմ ունեն միայն 8 մլն դրամ, որ հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից, իսկ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամից առայժմ գումարներ չեն ստացվել:


Գյումրու քաղաքապետարանը ևս իր ներդրումն ունի 3 մլն դրամի չափով: Գումարը նախատեսված է արդեն պատրաստի քանդակների պատվանդանների պատրաստման համար:

«Հիմա զբաղված ենք կազմակերպչական հարցերով և մասնակից քանդակագործների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանը:


Նրա խոսքով՝ սկզբում նախատեսված է եղել 19 քանդակագործի մասնակցություն, սակայն գումարների սղության պատճառով նրանց թիվը կրճատվել է:


«Մենք հիմա դիմելու ենք դեսպանատներին, կազմակերպությունների, գործարարների՝ աջակցության խնդրանքով: Մեր ունեցած սուղ միջոցներով մենք կարող ենք ապահովել միայն 9 քանդակագործի մասնակցություն, իսկ ես ցանկանում եմ, քանի որ միջազգային սիմպոզիում է, մասնակցիների թիվը հասցնել գոնե մինչև 15-ի»,- նկատեց Արթուր Գևորգյանը:


Սիմպոզիումին արտերկրից կմասնակցեն 3 քանդակագործ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Ծրագրով նախատեսվում է հայ և օտարերկրացի մասնակիցների 30 օր կեցություն Գյումրիում, նյութի ձեռք բերում, գրքույկի հրատարակում և աշխատանքների ընթացքը լուսաբանող ֆիլմի պատրաստում: Արդեն պատրաստի աշխատանքները կտեղադրվեն երկրաշարժից հետո Գյումրիում կանգնեցված սգո հուշարձանների կողքին: