«Ավատարի» հաջորդ 3 մասերի միաժամանակյա նկարահանումները կսկսվեն եկող տարի
Հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ հանրահայտ «Ավատար» գիտաֆանտաստիկ ֆիլմի հաջորդ 3 մասերի միաժամանակյա նկարահանման աշխատանքները կմեկնարկեն եկող տարի։ Ինչպես նշում է Daily Mail-ը, այս ուրախալի նորությանն «Ավատարի» երկրպագուները շատ երկար են սպասել։
58-ամյա ռեժիսորը նաև նշել է, որ սցենարիստներ Ջոշ Ֆրիդմանը, Շեյն Սալերնոն, Ռիկ Ջաֆան ու Ամանդա Սիլվերն արդեն սկսել են իրենց աշխատանքը։ Իսկ ինչ վերաբերում է ֆիլմերի մեծ էկրան բարձրանալու ժամկետին, ապա, ըստ Քեմերոնի, 20th Century Fox ընկերությունը դրանք կներկայացնի 2016թ.։
««Ավատարը» նկարահանելուց հետո ես հասկացա, որ այս պատմությունն ու դրա հերոսները դեռևս այնքան ասելիք ունեն, որ միայն 1 ֆիլմով հնարավոր չէ սահմանափակվել»,-ասել է տաղանդավոր ռեժիսորը, ով նախկինում խոստովանել էր, որ իր հետագա կարիերայի ընթացքում պատրաստվում է միայն «Ավատարի» թեմայով ֆիլմեր նկարահանել։
«Ավատարը» նկարահանվել է 2009թ. ու համաշխարհային կինովարձույթում 2 մլրդ դոլարից ավելի գումար վաստակել՝ գերազանցելով «Տիտանիկի» ռեկորդը, որը կազմում է 1.8 մլրդ դոլար։ Ի դեպ, «Տիտանիկի» ռեժիսորը ևս Ջեյմս Քեմերոնն է։










