Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում դեմ են բուհերի միավորման կառավարության նախագծին
Բուհերի միավորման կառավարության նախագիծը Գյումրու Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերում բուռն քննարկումների տեղիք է տվել:
Միավորման դեպքում դադարեցվում է նրանց գործունեությունը, դրանք փոխարինելով մեկ այլ կառույցով` Գյումրու արվեստի պետական ակադեմիայով: Բուհերի միավորման գաղափարին դեմ են հատկապես Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում:
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ղեկավար Համբարձում Ղուկասյանի համոզմամբ` ցանկացած բարեփոխում ընդունելի է ու դրական, եթե ուղղված է բուհի առաջընթացին ու զարգացմանը:
«Սակայն նման միավորումը վտանգի տակ է դնում բուհի նկարագիրն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի բնականոն գործունեությունը»,- նկատում է Համբարձում Ղուկասյանը:
«Հարկ է նշել, որ նախագծով միացվում են իրարից լրիվ տարբեր պրոֆիլի բուհեր, որոնց միավորման պարագայում տեղի է ունենալու մասնագիտական ցուցանիշների անկում, իսկ բուհերի միավորման դեպքում մենք ունենալու ենք մշակութային մի հաստատություն, որը հիշեցնելու է Խորհրդային միությունում գործող «Институт культуры» նախատիպը, որ պատրաստում էր ընդամենը մշակույթի գործիչների, և այն այսօր հնացած է ու ժամանակավրեպ»,– ավելացրեց նա:
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղը, որ գործում է 1997թ-ից, մասնակից է Եվրոպական Միության և Համաշխարհային բանկի ՏԵՄՊՈՒՍ ծրագրին և անցնում է ՀՀ բարձրագույն կրթության հավատարմագրման փուլ: Նախաձեռնող և հիմնադիր է ժամանակակից արվեստի Գյումրու միջազգային Բիենալե փառատոնի: Նախաձեռնել և հիմնադրել է Գյումրու ժամանակակից արվեստի մոբիլ թանգարանը: Գործունեության 17 տարիների ընթացքում բուհում գործող հիմնական բաժիններին ՝ գրաֆիկա, գեղանկար, քանդակ, ավելացել են նոր բաժիններ` հագուստի մոդելավորում, դեկորատիվ-կիրառական արվեստ, արվեստաբանություն, դիզայն: Եթե 1997-1998 թթ ուստարում մասնաճյուղն ուներ ընդամենը 7 ուսանող և 7 դասախոս, ապա 2012-2013 թթ. ուսանողների թիվը հասնում է 175-ի, իսկ դասախոսական անձնակազմինը` 35-ի:
Կառավարության առաջարկած նախագծի «Ակնկալվող արդյունքը» հոդվածի 5-րդ կետում նշվում է, որ «ներկայումս Գյումրիում գործող արվեստի բուհերի մասնաճյուղերի դիմորդների թիվը ցածր է Երևանի արվեստի բուհերի համեմատ»:
Այս համեմատության հետ համակարծիք չեն Գյումրու գեղարվեստի ակադեմիայում: Ըստ բուհի ղեկավարի և դասախոսական կազմի, տեղին չէ համեմատություն անցկացնելը մայրաքաղաքի և Գյումրու բնակչության քանակի և սոցիալ- տնտեսական կենսամակարդակների միջև: Իսկ կրթության գործոնը սերտորեն առնչվում է վերջինիս հետ: Նախագծի նույն կետում նշվում է, որ «վերոհիշյալ երեք մասնաճյուղերի միավորման արդյունքում ակադեմիայի կազմավորումը կնպաստի բուհի հասարակական վարկանիշի բարձրացմանը, ինչը կբարձրացնի բուհի գրավչությունը դիմորդների շրջանում»:
«Հարկ է նշել, որ բուհի վարկանիշը բավականին բարձր է, ինչի մասին վկայում են հանրապետական և միջազգային ցուցահանդեսները և լայն կապերը, որ մասնաճյուղը ունի մի շարք երկրների` Ավստրիայի, Սիրիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Մերձբալթյան երկրների հետ»,- նշված կետի հետ իր անհամաձայնությունն է արտահայտում Համբարձում Ղուկասյանը:
Բուհի Արվեստի տեսության և պատմության բաժնի վարիչ Արաքսյա Մարգարյանի կարծիքով՝ սա հակասում է մարզերի համաչափ զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող ծրագրին:
«Նման որոշման դեպքում տեղի է ունենալու հակառակ պրոցեսը, և այն ուսանողները, ովքեր գերադասում են խոր մասնագիտական կրթություն ստանալ, «լայն պրոֆիլի» կիրառման պարագայում նախընտրելու են կրթություն ստանալ Երևանում, ինչը հակասում է կառավարության կողմից ընդունած «Մարզերի համաչափ զարգացման» ծրագրին»,– ասաց նա։
Ըստ քանդակագործ, բուհի դասախոս Զավեն Կոշտոյանի բուհը պետք է ունենա իր դիմագիծը, որտեղ արվեստների հետ կսովորեցնեն նաև ավանդական արհեստներ։
«Բազում բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները ունեցել են բացասական ելք: Հանրային քննարկումները հնարավորություն կտան խուսափելու հետագա սխալներից ու ձախողումներից: Բուհը պետք է ունենա իր առանձնահատուկ դիմագիծը: Հարկավոր է ձևավորել մի մշակութային բուհ, որտեղ արվեստների հետ կսովորեցնեն նաև ավանդական արհեստներ՝ գորգագործություն, փայտագործություն, մետաղի մշակում, որն ավարտելուց հետո երիտասարդները կապահովվեն նաև աշխատանքով»,- ասաց նա։
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հանրույթը առաջարկում է բուհերի օպտիմալացման մեկ այլ տարբերակ, այն է` միավորել նույն արվեստին առնչվող Գյումրու համանման բոլոր կրթական հաստատությունները և բուհերում գործող բաժինները՝ նկարչական դպրոց, արվեստի ավագ դպրոց, գեղարվեստի ուսումնարան, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ: Այս միավորումը թույլ կտա պահպանել ու զարգացնել Գյումրու գեղանկարչական ավանդույթները՝ միավորելով վերոհիշյալ կառույցները` ապահովելով բազային աստիճանական զարգացում, պահպանել բուհի հստակ նկարագիրը, ուղղվածությունն ու զարգացումը, վերացնել գործազրկության վտանգը:










