«Վայրի բնության նկարիչը». Էրիկ Ուիլսոնի գերիրական աշխատանքները (լուսանկարներ)
Շոտլանդացի Էրիկ Ուիլսոնը համարվում է աշխարհի լավագույն նկարիչներից մեկը, ով իր աշխատանքներում բացառապես պատկերում է վայրի բնությունը, գրում է Oddity Central-ը։
Անցած 20 տարիների ընթացքում նա առավելապես նկարել է վերացման վտանգի տակ գտնվող կենդանիների: Դրա համար տղամարդը մեկնել է Աֆրիկա, Թայլանդ, Նեպալ, Արկտիկա:
Ուիլսոնն իր մանկությունն անցկացրել է շոտլանդական գեղեցիկ բնության գրկում։ Հենց այստեղից էլ նկարչի մոտ ծնվել է սերը բնության ու կենդանիների հանդեպ։ Բացի այդ, նա նկարչությամբ սկսել է զբաղվել մանուկ հասակից և մեծանալով՝ որոշել է մի մասնագիտության մեջ համադրել իր 2 նախասիրությունները. արդյունքում՝ նա դարձել է «վայրի բնության նկարիչ»։
Ուիլսոնը պատմել է, որ իր կտավների միջոցով փորձում է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնել այն կենդանիների մասին, որոնք մարդու կործանարար գործունեության հետևանքով հայտնվել են վերացման վտանգի տակ։










