«Բազե»–ի մասնակիցների թիվն այս տարի աճել է, բյուջեն՝ նվազել

14:13 • 05.08.13

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում օգոստոսի 12-18-ը կմեկնարկի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որի մասնակիցների թիվն այս տարի 150-ով ավել կլինի, թեև 2008թ.-ի համեմատ այս տարի ֆինանսական միջոցները բավականին կրճատվել են, այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը։


«Անցած տարի նշեցինք «Բազե»-ի 10-ամյակը, այս տարի կատարվեցին փոփոխություններ, մեծացավ մասնակիցների թիվը, այս անգամ 42 ջոկատների փոխարեն 45-ն է, այս տարի մեր բոլոր երգերը հայերեն են լինելու»- ասաց նա՝ հավելելով, որ «Բազեի» ընդհանուր մասնակիցների թիվը շուտով կհասնի 10 000-ի:


Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Հայաստանի, Ջավախքի, Արցախի և սփյուռքի հայ երիտասարդներն են հավաքի մասնակիցները: Բանախոսի փոխանցմամբ՝ այս տարի Երևան քաղաքին ևս մեկ ջոկատ ունենալու հնարավորություն է տրվել:


Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, Հովհաննես Գաբրիելյանն ասաց, որ եթե համեմատենք մինչև 2008թ.-ի հետ, այս տարի դրանք բավականին կրճատվել են: Ծախսերն ամբողջովին իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցներով:


«Շենքը, որտեղ անցկացվում է «Բազեն», պատկանում է հիմնադրամին, և երիտասարդների թվի ավելանալն այդքան էլ ֆինանսների վրա չի ազդում»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը չգիտի, թե կոնկրետ որքան գումար է ծախսվում հավաքի վրա:


Մասնակիցների ընտրության մասին խոսելով՝ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ իրենք դիմում են բուհերի ռեկտորներին, հիմնականում ուսանողական խորհուրդներն են իրականացնում ընտրությունները։ Նա նաև վստահեցրեց, որ ոչ մի խտրականություն չկա կուսակցական առումով:


Բանախոսին հարց ուղղվեց նաև այն մասին, թե արդյոք բազեականները քաղաքացիական պայքարներին մասնակցություն ունենում են, թե ոչ։ ««Բազեի» նպատակը քաղաքական, քաղաքացիական բաներին մասնակցելը չէ, երիտասարդներն այնքան հետաքրքիր զբաղմունքներ են ունենում, որ պետք չէ խառնել, թող յոթ օր էլ կտրվեն ամեն ինչից, բազեականները բոլորն անհատ մարդիկ են, չեմ կարծում, որ մենք ինչ-որ ձևով կարող ենք խոչընդոտել նրանց ներգրավվածությանը քաղաքացիական պայքարին»,– ասաց նա:

Հարց ուղղվեց նաև «Վճարիր 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության մասին, ինչին ի պատասխան՝ հավաքի տնօրենն ասաց, որ ինքն այդ հարցում գիտի մարդիկ, ովքեր միայն շոու են անում և ավելացրեց, որ հայրենասեր լինելը ակցիաներով չի որոշվում:


Անդրադառնալով հյուրերին, Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ավանդաբար բացմանը ներկա է լինում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ փակմանը ներկա է լինում նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկա են լինում նաև նախարարներ:


Իսկ հարցին, թե արդյոք «Բազեին» սովորաբար ակտիվ մասնակցություն ունեցած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս տարի կմասնակցի՞, նա պատասխանեց, որ առայժմ երկրորդ նախագահը մասնակցության համար իրենց չի դիմել: