CNN-ից և NBC-ից պահանջել են չցուցադրել Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմը
ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունը CNN և NBC հեռուստաընկերություններից պահանջել է չցուցադրել նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմը, որը հաջորդ նախագահական ընտրությունների ընթացքում կարող է լինել Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, հայտնում է Взгляд-ը։
Ազգային հանրապետական կոմիտեի նախագահ Ռայս Փրիբուսը հեռուստաընկերությունների ղեկավարությանը նամակ է հղել, որում տեղեկացրել է, որ Քլինթոնի մասին ֆիլմի ցուցադրությունը կարող է հանրապետականների կողմից քաղաքական բանավեճերի անցկացումը բոյկոտելու պատճառ դառնալ։
«Ես կողմ կքվեարկեմ, որպեսզի Հանրապետական կուսակցությունը դադարեցնի համագործակցությունը NBC-ի և CNN-ի հետ, եթե նրանք չհրաժարվեն Հիլարիին նվիրված ֆիլմի ցուցադրության գաղափարից»,-հայտարարել է Փրիբուսը Twitter-ում։
CNN-ը պատրաստվում է 2014թ.-ին կենսագրական ֆիլմ ցուցադրել Քլինթոնի մասին, իսկ NBC-ն փոքրիկ սերիալ է նկարահանել նույն թեմայով։
Հիլարի Քլինթոնը չի հայտարարել՝ մասնակցելո՞ւ է արդյոք նախագահական ընտրություններին, թե՞ ոչ, սակայն շատերն են սպասում նրա այդ քայլին։ Քլինթոնը երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարել էր 2008թ.-ին, սակայն փրայմերիզի ընթացքում զիջել էր Բարաք Օբամային և զբաղեցրել պետքարտուղարի պաշտոնը։










