Ռուսաստանում համերգների կազմակերպիչները Պուտինին խնդրել են «արտիստական վիզաներ» մտցնել

18:04 • 07.08.13

Ռուսաստանում փրոմոութերական ընկերությունների ներկայացուցիչներից և մշակույթի գործիչներից բաղկացած խումբը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկրում օտարերկրյա արտիստների մուտքի համար հատուկ վիզա սահմանելու նդրանքով, գրում է lenta.ru-ն:

 

Նամակում ասված է, որ այդ վիզան անհրաժեշտ է, քանի որ վերջին ժամանակներում դերասանները, երաժիշտները և մարզիկները չեն կարողանում հումանիտար վիզաներ ստանալ, որտեղ որպես ճանապարհորդության նպատակ են նշվում «մշակութային կապերը»:ՌԴ-ի մշակույթի նախարարությունն այլևս չի ցանկանում ընդունել դրանք, քանի որ «մշակութային կապերը» կոմերցիոն գործունեություն չեն ենթադրում:

 

Այս հսկողությունը խստացվել էր Մադոննայի հայտնի համերգից հետո, երբ նա հանդես էր եկել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց օգտին: Այդ ժամանակ քաղաքական գործիչներից մեկն Արտաքին գործերի նախարարությանը խնդրել էր ստուգել Մադոննայի վիզայի կարգավիճակը, և 2013 թվականի ապրիլին «մշակութային կապերի» համար վիզան անհամապատասխան է ճանաչվել կոմերցիոն համերգների համար:

 

Այսպիսով, երաժիշտները կարող են Ռուսաստան այցելել միայն աշխատանքային վիզայի միջոցով, որը ենթադրում է մնալ երկրում մեկ տարվա ընթացքում և ձևակերպման համար պահանջում է 6 ամիս: Նամակի հեղինակները Պուտինին զգուշացրել են, որ վիզային ռեժիմի խստացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի մշակութային մեկուսացման: