Միջազգային ֆոլկլորային երկրորդ փառատոնը կանցկացվի Հայաստանի մարզերում

14:18 • 08.08.13

Երկրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 7-12–ը Հայաստանի մարզերում, որին կմասնակցեն պատվիրակություններ Չեխիայից, Լիտվայից և Իտալիայից։ Փառատոնը կանցկացվի Ուջանում, Գավառում, Զորագյուղում, Բյուրականում, Աշտարակում և Երևանում։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց փատառոնի կազմակերպիչ, «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը։

 

«Փառատոնի գլխավոր խնդիրն է՝ ներկայացնել մեր հնագույն, ժողովրդական ծեսերը, ներկայացնել դա մեր թատրոնում։ Թատրոնի երկրորդ, ոչ պակաս կարևոր նպատակն է՝ ստեղծել մշակութային կամուրջ, մեր տոները և ծեսերը համամարդկային հարթակ հանելու համար»,- ասաց նա, նշելով, որ իրենք 2010թ.-ից սկսել են ակտիվ մասնակցել միջազգային միջոցառումներին։

 

Վերջինիս խոսքով՝ ցավոք, Հայաստանը մինչև անցած տարի չուներ այդպիսի միջազգային ֆոլկլորային միջոցառում, միայն 2011թ. ունեցան պատվիրակություն Եվրոպայից:

 

«Փառատոնն ուղղված է գյուղերում ֆոլկլորային խմբերի զարգացմանը, գյուղական ծեսերի ծանոթացմանը: Հիմա մենք եթե խոսում ենք, օրինակ, տոների մասին, գյուղացիների համար դա կենցաղ է։ Ներկայացնելու ենք ժողովրդական, ազգագրական երգեր ու պարեր, «Տոնացույցը» ներկայացնելու է ծիսական երգեր ու պարեր, տիկնիկներ, գրեթե մեր բոլոր խմբերն էլ ազգագրական երգեր ու պարեր են ներկայացնելու»։

 

Նրա փոխանցմամբ՝ այս տարի թատրոնը պետք է գնա եվրոպական փառատոնի մասնակցելու և վաղը փառատոնը մեկնելու է Իտալիա։ «Մենք այնտեղ մասնակցելու ենք փառատոնին և հյուրերին հրավիրենք մեզ մոտ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց հիմնական աջակիցը ՀՀ մշակույթի նախարարությունն է։

 

Հասմիկ Բաղրամյանը նաև դժգոհեց, թե նման միջոցառումները քիչ են լուսաբանվում տեղական լրատվամիջոցներով, մինչդեռ այս փառատոնը մեր ժողովրդի պատիվն է։

 

Ասուլիսի մյուս բանախոս, թատրոնի PR մենեջեր Սերգեյ Ումրոյանն էլ նշեց, որ փառատոնը լինելու է շքերթի ձևով՝ անցնելով գյուղերով ու քաղաքներով, ցուցադրվելու են տվյալ գյուղին կամ քաղաքին հատուկ ազգային ծեսերը, ավանդույթները։

 

Իսկ ազգագրագետ Նարինե Շամամյանն ընդգծեց, որ հիմնականում փառատոնը կարևորվում է նրանով, որ ստեղծվում է մշակույթի փոխանցման լայն դաշտ։ «Սա պետք է կրի շարունակական բնույթ»,- ասաց նա։

 

Լուսանկարը՝ himnakan.mskh.am–ի