«Ջոբս. գայթակղության կայսրություն». Նյու Յորքում կայացել է Ջոբսի մասին ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ, տեսանյութ)

12:58 • 08.08.13

Նյու Յորքի (ԱՄՆ) ժամանակակից արվեստի թանգարանում օգոստոսի 7-ին կայացել է «Ջոբս. գայթակղության կայսրություն» ֆիլմի պրեմիերան, հայտնում է Tatler-ը։

 

Դեռ ապրիլին շատերն էին թերահավատորեն վերաբերվում այն լուրին, թե հանրահայտ Apple տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր ու նախկին նախագահ Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմում գլխավոր դերը կխաղա Էշթոն Քաթչերը։ Սակայն հասկանալով, որ դա կատակ չէ, շատերը շտապել են կարծիք հայտնել, որ մշտապես գեղեցկադեմ սիրեկանի կերպարում հանդես եկող դերասանը չի կարող արժանապատվորեն մարմնավորել Ջոբսի նման լեգենդին։
 

Այնուհանդերձ, երբ համացանցում սկսեցին տեղադրվել ֆիլմից հատվածներ, ակնհայտ դարձավ, որ Քաթչերից լավ ոչ ոք չէր կարող Ջոբսին ներկայացնել։

 

«Ֆիլմի պրեմիերան ցրել է վերջին կասկածները. ֆիլմն իրոք կարելի է հաջողված համարել»,- շարունակում է Tatler-ը՝ նկատելով, որ զուր չէին Քաթչերի ջանքերը. նա մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել է Ջոբսի բնավորությունը, սովորույթները, քայլվածքը, շարժուձևը, կրկնօրինակել է հագնվելու ոճն ու անգամ պահպանել նրա սննդակարգը։