Մեկնարկել է Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան

17:14 • 09.08.13

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են 8 երկրներից ժամանած 150 դպրոցականներ, տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության կայքը:


Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շեշտել է, որ Հայագիտական համահայկական օլիմպիադան վաղուց դարձել է հայկական աշխարհի կարևոր դրսևորումներից մեկը` միավորելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու հայեցի կրթությամբ շահագրգիռ պատանիներին:


«Օլիմպիադան արդեն դարձել է ավանդական միջոցառում ինչպես մեր, այնպես էլ Սփյուռքի դպրոցականների համար, ովքեր կարևոր առաքելություն ունեն պահպանելու հայ մարդու տեսակը` անկախ երկրի գտնվելու աշխարհագրական դիրքից, վայրից ու հեռավորությունից: Նրանք հայրենիք են եկել` իրենց ուժերն են չափելու արդեն վեցերորդ անգամ: Բոլորին ողջունում եմ և մաղթում հաջողություն»,- բացման խոսքում նշել է Մանուկ Մկրտչյանը:


Օլիմպիադայի մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով իր ուղերձում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց ողջունել է մասնակիցներին և նշել, էր ուրախ է, որ արդեն ավանդական դարձած հայագիտական համահայկական այս միջոցառումն աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում է միավորել այսքան երիտասարդների, ովքեր պատանեկան տարիքում կատարում են իրենց կյանքի առաջին կարևոր քայլերից մեկը, մասնակցում են ազգաճանաչողությանն ու հայ ինքնության բացահայտմանը նվիրված այս հետաքրքրական ստուգատեսին:


«Ձեր հետաքրքրությունը հայ ժողովրդի հարուստ մշակույթի, մեր գեղեցիկ լեզվի ու հերոսական պատմության նկատմամբ ոգևորիչ է: Այն դրական ազդակ է հաղորդում ձեր հազարավոր սերնդակիցներին, խթանում է նրանց հետաքրքրությունը հայագիտական առարկաների նկատմամբ: Առաջիկա օրերին դուք հնարավորություն եք ստանալու գործնականում ապացուցել, որ ստացել եք համակողմանի գիտելիքներ»,– վարչապետը նշել է իր ուղերձում:
Տիգրան Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ մասնակիցները օլիմպիադայի արդյունքում էլ ավելի լավ կճանաչեն Հայաստանը և բոլորին կուրախացնեն իրենց նորանոր հաջողություններով:


Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադան կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և այս տարի առաջին անգամ անցկացվելու է նաև Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթը: Օլիմպիադան կանցկացվի օգոստոսի 9-15-ը` Ծաղկաձորում:


Միջոցառումների նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը սփյուռքի հայկական դպրոցներում, հնարավորություն տալ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները՝ նպաստելով առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը:


Օլիմպիադային և Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների, այդ թվում` մեկօրյա դպրոցների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:


Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Հայերեն լեզվին չտիրապետող կամ օտարազգի մասնակիցներն ազատվում են հայոց լեզվին վերաբերող հարցերից, սակայն հայ գրականության և պատմության իմացության պահանջը մնում է ուժի մեջ:


Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ։