Էմիր Կուստուրիցան վավերագրական ֆիլմ կնկարահանի Ուրուգվայի նախագահի մասին
Կաննի կինոփառատոնի կրկնակի հաղթող Էմիր Կուստուրիցան վավերագրական ֆիլմ կնկարահանի Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի մասին, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ուրուգվայական մամուլը։
«Ժողովրդական նախագահ» անվանումով ֆիլմը կպատմի ուրուգվայցի 78-ամյա առաջնորդի կյանքի մասին, ով նախկինում եղել է «Տուպամարոս» ձախ ծայրահեղական խմբավորման մասնակից, որը պաշտոնապես կոչվել է Ազգային ազատագրական շարժում։ Նա և նրա համախոհները ժամանակին զինված մեթոդներ են կիրառել ռեժիմի դեմ պայքարում, ինչպես, օրինակ, ահաբեկչությունները, բանկերի գողությունները, պատանդ վերցնելը։
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն դեկտեմբերին։ Բյուջեն կկազմի մոտ 3 մլն դոլար, ֆինանսավորումը կկատարվի մասնավոր աղբյուրներից։ Ֆիլմում կօգտագործվեն նաև արխիվային նյութեր։
Սպասվում է, որ ֆիլմն էկրաններին կհայտնվի 2014թ. դեկտեմբերին, երբ հայտնի կդառնա նախագահի պաշտոնը զբաղեցրած թեկնածուի անունը, քանի որ դրանից մի ամիս առաջ երկրում կանցկացվեն նախագահական ընտրություններ։










