Նավասարդը պետք է դառնա հայոց ազգային ինքնության օր. պատմաբան
Օգոստոսի 11-ը՝ Նավասարդը, որը հին հայերի Ամանորն է եղել, պետք է դառնա հայոց ազգային ինքնության օր, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Նա տեղեկացրեց, որ իր և իր ընկերների նախաձեռնությամբ նման նախագիծ է 4-րդ գումարման Ազգային ժողովին ներկայացրել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Նախագիծը առաջին ընթերցմամբ առանց նույնիսկ մեկ դեմ ձայնի ընդունվեց, բայց այնուհետև անհասկանալի ձևով եկեղեցին դիմադրեց: Մենք հանդիպեցին կաթողիկոսին՝ Գարեգին 2-րդին: Նա սկզբունքային ոչ մի դեմ բան չուներ նախագծի նկատմամբ, միայն ասաց, որ օգոստոսը արձակուրդային ամիս է և համազգային տոնակատարությունը օգոստոսին անելը ճիշտ չէ»,-պատմեց պատմաբանը:
Այնուհետև նա հիշեցրեց, որ ազգային տոնը նշվել է հենց օգոստոսի 11-ին և այժմ չի կարելի փոխել այդ օրը: «Կարծում եմ, եկեղեցին պառլամենտի վրա իր անձնական կապերով կամ չգիտեմ ինչ կերպով ազդեց և երկորդ ընթերցումն անգամ տեղի չունեցավ»,– ասաց նա:
«Բայց այն մի այնպիսի ոգևորությամբ էր ընդունվել, որ նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն ասել էր, որ նախանձում է, որ ինքը չի ներկայացրել նման նախագիծը»,-ասաց նա:
Արտակ Մովսիսյանը վստահեցրեց, որ 5-րդ գումարման ԱԺ-ին ևս փորձելու են ներկայացնել այս նախագիծը, թեև վստահ են, որ այն նույն ճակատագրին է արժանանալու:










