Հին տոմարով Ամանորի առթիվ տեղի կունենան տոնակատարություններ

13:21 • 09.08.13

Հին տոմարով Ամանորը ՝ օգոստոսի 11-ը, Հայաստանում կնշվի մի շարք տոնակատարություններով։ Այդ առիթով «Նավասարդ» նախաձեռնող խումբը նույն օրը Գառնու տաճարի շուրջ տոնակատարություններ կկազմակերպի:


Խմբի ղեկավար Սամվել Հունանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այդ օրը հնում հայերը միշտ նավասարդյան խաղեր են կազմակերպել, հանդիսություններ, երգ ու պար, ինչպես նաև մատուցվել է նավասարդյան գինի:


«Դա մի գինի է, որ պատրաստվում է ծաղիկների թերթերից: Հույս ունենք, որ մյուս տարի կարող ենք ունենալ նման գինի և այն կդառնա ավանդական»,– ասաց նա:


«Նավասարդյան տոնակատարությունները կարևոր խորհուրդ ունեն, այն իսկապես համահայկական փառատոնի սկիզբ է և ցանկալի է անցկացնել Արարատի մարզում: Այդ պատճառով Մասիսի տաճարից մեկնարկը կտանք և կշարունակվի Գառնու տաճարի շուրջը»,-ավելացրեց Սամվել Հունանյանը։


«Նավասարդ» նախաձեռնող խմբի ղեկավարն ընդգծեց, որ տոնակատարությունների ընթացքում պահպանելու են հին հայերի բոլոր սովորությունները, իսկ տոնակատարությունները կուղեկցվեն հայկական թագավորությունների և նահապետ Հայկի դրոշներով ու զինանշաններով:


Հին տոմարով Ամանորի տոնակատությունների փակումը տեղի կունենա օգոստոսի 16-ին՝ Լոռու մարզի Հարթագյուղի Զորաց տաճարում:


Լուսանկարը՝ armedia.am-ի