Հեթանոս հայերն այս օրը նշել են Նավասարդը` Ամանորը

10:43 • 11.08.13

Լուսանկարը՝ Armplanet.com-ի



Նախաքրիստոնեական շրջանում հեթանոս հայերը օգոստոսի 11-ին նշել են Նավասարդի տոնը, որն ազդարարում էր Ամանորը: Տոնի խորհրդի մասին Tert.am-ի հետ զրույցում ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանն ասաց, որ Հայաստանում այս տոնը մեծ շուքով նշվել է նախքան քրիսтոնեության ընդունումը։


«Նշվում էր հիմնականում օգոստոսին, երբ բերքը դաշտերում հասնում էր և հասունացած բերքը պետք է հավաքվեր: Ըստ էության, դա բերքի տոնն էր և տնտեսական տարվա վերջն էր համարվում: Շատ հողագործ ժողովուրդների մեջ, օրինակ` նաև հույների մեջ, նման տոներ կային»,- ասաց նա:


Ազգագրագետը նշեց, որ Նավասարդի տոնախմբություններն իր աշխատություններից մեկում նկարագրել է պատմիչ Փավստոս Բյուզանդը: Ըստ այդ աղբյուրի՝ տոնին մասնակցում էր անգամ թագավորը իր արքունիքով:


«Տոնին մասնակցում էր ամբողջ ժողովուրդը, տեղի էին ունենում զոհաբերություններ, սպորտային խաղեր, խնջույք: Քրիստոնեությունը և´ անվանափոխեց տոնը, և´ ժամանակային առումով տեղափոխեց: Ժամանակի ընթացքում Նավասարդը Հայաստանի շատ քիչ վայրերում էին շարունակում տոնել` իբրև նոր տարվա տոնախմբություն, որը ժամանակի ընթացքում ամբողջովին դադարեց նշվել մեր ժողովրդի կողմից»,- ասաց Արմենուհի Ստեփանյանը և ընդգծեց, որ տոնը մոռացվեց քրիստոնեության ընդունումից հետո:


Ինչ վերաբերում է նրան, թե ներկայումս որևէ կերպ նշվում է տոնը կամ փորձ արվում է վերականգնել հին ավանդույթները, Արմենուհի Ստեփանյանը նշեց, որ տոնը արմատներից արդեն վաղուց կտրվել է, հիմա դա ավելի շուտ նմանվում է սցենարով ներկայացումների, որոնք արհեստական են:


«Տոնը իր արմատի խորը իմաստից հեռացել ու վերացել է նաև եկեղեցու ազդեցությամբ, հիմա նշվում է այս տոնին հաջորդող Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը: Այ սա արդեն հիշվում ու նշվում է, քանի որ քրիստոնեական տոն է»,– ասաց նա:


Նշենք, այս օրը նաև նշվում է որպես Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օր: Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթում է Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին և վերատիրում Հայոց Աշխարհն ու հայությանը բերում ազատ կյանք։


Տեղեկացնենք, որ այսօր Գառնիի հեթանոսական տաճարի շրջակայքում տոնախմբություններ են տեղի ունենալու, որին կարող են մասնակցել բոլորը: