ABBA խմբի բացառիկ ձայնագրությունն առցանց աճուրդում վաճառվել է 5.000 եվրոյով
Շվեդական հանրահայտ ABBA խմբի բացառիկ ձայնագրությունը նախօրեին կայացած առցանց աճուրդում վաճառվել է 42 հազ. կրոնով (մոտ 5 հազ. եվրո), ինչն էապես գերազանցել է նախնական արժեքը՝ 25 հազ. կրոն (2.900 եվրո), հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Stockholms Auktionsverk աճուրդի տանը։
Խմբի առավել հայտնի երգերով ձայնագրությունը թողարկվել է 1981-ին՝ հատուկ խմբի մենեջեր Սթիգ Անդերսոնի 50-ամյակի կապակցությամբ։ Լույս է տեսել ձայնագրության ընդամենը 200 օրինակ։
Աճուրդում ներկայացված է եղել մոտ 25 հազ. իր Թոմաս Նորդինի հավաքածուից, որոնք այս կամ այլ կերպ կապված են եղել հայտնի քառյակի հետ։ Նորդինը սկսել է ստեղծել իր հավաքածուն դեռևս 9 տարեկան հասակում՝ 1974-ին, երբ ABBA-ն հաղթեց «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում։
Աճուրդում վաճառվել է նաև խմբի անվանումով ժիլետ. այն վաճառվել է 31.500 կրոնով (3.600 եվրո), ինչը 7 անգամ գերազանցել է նախնական արժեքը։










