Եռաչափ պատկերներ Ազատության հրապարակում

17:37 • 13.08.13

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում աշխատանքներ են տարվում եռաչափ նկարների ստեղծման ուղղությամբ, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


Այդ նպատակով Երևանում է Գերմանիայից ժամանած եռաչափ (3D) աշխարհահռչակ նկարիչ Նիկոլայ Արնդտը: Եռաչափ գլխավոր նկարի` Կարապի լճի թեման ընտրվել է տեղանքին համապատասխան և առաջին անգամ է պատկերվում:


Աշխատանքը կատարվում է ծածկի տակ` հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով: Զուգահեռ, Ազատության հրապարակում, Նիկոլայ Արնդտի խորհուրդներով, եռաչափ նկարներ են ստեղծվում երիտասարդ հայ նկարիչների ձեռքով:


Օգոստոսի 10-ից մեկնարկած աշխատանքները վերջնական տեսք կստանան երկու օրից: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կկարողանան լուսանկարվել և եռաչափ պատկերը հստակ տեսնել միայն կոնկրետ նշված կետից: