2013թ. աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողները. Forbes
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է տարվա գլխավոր բեսթսելլերի՝ «Մոխրագույնի 50 երանգները» գրքի հեղինակ Է.Լ. Ջեյմսը։
1. Է.Լ. Ջեյմս (եկամուտը՝ 95 մլն դոլար)
Տարվա գլխավոր բեսթսելլերը՝ «Մոխրագույնի 50 երանգները», հասունացել է Ջեյմսի՝ վերջին տարիների մեկ այլ կոմերցիոն հիթի՝ «Մթնշաղ»-ի վրա հիմնված գրական փորձերից։ Ջեյմսի ֆենոմենն անհնար կլիներ առանց էլեկտրոնային գրքերի տարածման, վստահ են քննադատները։

2. Ջեյմս Փաթերսոն (եկամուտը՝ 91 մլն դոլար)
Իր առաջին գիրքը Փաթերսոնը հրատարակել է 1973-ին և այդ ժամանակից ի վեր անփոփոխ մնում է ԱՄՆ-ի ամենավաճառվող հեղինակների ցուցակի առաջատար դիրքերում։ Նրա հորինած հոգեբան-խորհրդատու Ալեքս Քրոսը վերջին 20 տարիների ընթացքում շարունակում է մնալ ամերիկացիների ամենաճանաչելի գրական կերպարը։

3. Սյուզեն Քոլինզ (եկամուտը՝ 55 մլն դոլար)
«Քաղցած խաղեր» գրքի հեղինակն արագորեն հայտնվել է ամերիկյան զանգվածային գրականության բարձրագույն լիգայում՝ շնորհիվ եռապատման առաջին մասի էկրանավորման։

4. Բիլ Օ՛Ռեյլի (եկամուտը՝ 28 մլն դոլար)
Fox News-ի հայտնի հաղորդավարը «Լինքոլնի սպանությունը» և «Քենեդու սպանությունը» գրքերի հեղինակն է, որոնք արդեն հասցրել են լինել ԱՄՆ-ի գլխավոր բեսթսելլերների ցուցակի առաջատար հորիզոնականներում։ Իսկ ահա սեպտեմբերին լույս կտեսնի հեղինակի նոր գործը՝ «Հիսուսի սպանությունը»։

5. Դանիելա Սթիլ (եկամուտը՝ 26 մլն դոլար)
Իր կարիերայի 40 տարվա ընթացքում Սթիլը հրատարակել է մոտ 128 ստեղծագործություն, որոնց հիմնական մասը վեպեր են կանանց համար, սակայն կա նաև մանկական գրականություն և նույնիսկ՝ բանաստեղծությունների հավաքածու։

6. Ջեֆ Քինի (եկամուտը՝ 24 մլն դոլար)
«Թուլամորթի օրագիրը» մանկական գրքի հեղինակն արդեն 7 գիրք է գրել աշակերտներ Գրեգ Հաֆլիի և Ռոուլի Ջեֆերսոնի արկածների մասին, իսկ նոյեմբերին լույս կտեսնի 8-րդը։

7. Ջանեթ Իվանովիչ (եկամուտը՝ 24 մլն դոլար)
Հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը Սթեֆանի Փլամի մասին դետեկտիվ վեպերի շարքն է։

8. Նորա Ռոբերթս (եկամուտը՝ 23 մլն դոլար)
Սիրային և դետեկտիվ վեպերի հեղինակը 2012-ին վաճառել է իր գրքերի ավելի շատ թվային կրկնօրինակներ, քան տվյալ ցուցակից որևէ մեկ այլ հեղինակ։

9. Դեն Բրաուն (եկամուտը՝ 22 մլն դոլար)
Բրաունի՝ պրոֆեսոր Ռոբերթ Լենգդոնի արկածների մասին պատմող 3-րդ «Ինֆերնո» վեպը համաշխարհային գլխավոր բեսթսելլեր է դարձել 2013թ. առաջին կեսին. գիրքը վաճառվել է 369.000 օրինակով։

10. Սթիվեն Քինգ (եկամուտը՝ 20 մլն դոլար)
Նախորդ տարի Քինգը դարձել է Սթիվեն Սփիլբերգի հայտնի «Գմբեթի տակ» սերիալի սցենարիստը, իսկ հեղինակի տաղանդի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են սեպտեմբերի վերջին հայտնի «Փայլատակում» գրքի շարունակության հրատարակմանը։

11. Դին Կունց (եկամուտը՝ 20 մլն դոլար)
Սարսափների անգերազանցելի վարպետ Կունցը մինչ օրս վաճառել է մոտ 450 գիրք։

12. Ջոն Գրիշեմ (եկամուտը՝ 18 մլն դոլար)
Գրիշեմի 18-րդ վեպը՝ հեղինակի սիրելի «իրավաբանական թրիլեր» ժանրում, դարձել է նախորդ տարվա թիվ 2 բեսթսելլերն ԱՄՆ-ում։ Հաջորդ գիրքը լույս կտեսնի հոկտեմբերին։

13. Դևիդ Բալդաչի (եկամուտը՝ 15 մլն դոլար)
Բալդաչին 26 վեպի հեղինակ է, որոնք դարձել են բեսթսելլերներ։

14. Ռիք Ռիորդան (եկամուտը՝ 14 մլն դոլար)
Փերսի Ջեքսոնի արկածների մասին հայտնի վեպերի հեղինակ Ռիորդանը 2012-ին հաստատել է իրեն ԱՄՆ-ի ամենահայտնի մանկագրի կարգավիճակում։

15. Ջոան Ռոուլինգ (եկամուտը՝ 13 մլն դոլար)
Հարի Փոթերի հեղինակը հաջողությամբ փոխել է իր ձևաչափը՝ մանկագրից վերածվելով մեծահասակների համար հեղինակի։ Նրա «Պատահական հաստիք» վեպն այժմ կարդում են ծնողները։ Գիրքն ԱՄՆ-ում դարձել է 2012թ. բեսթսելլեր։

16. Ջորջ Ռ.Ռ. Մարտին (եկամուտը՝ 12 մլն դոլար)
«Գահերի խաղը» սերիալի շնորհիվ հեղինակը 2012-ին աշխարհում վաճառել է ավելի շատ փափուկ կազմով գիրք, քան որևէ մեկ ուրիշը։











