Ֆրիդա Կալոյի լուսանկարները կվերականգնվեն

12:55 • 13.08.13

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն հայտնի է իր գեղանկարչությամբ, հատկապես՝ վառ ինքնադիմանկարներով, բայց նա նաև հիանալի լուսանկարիչ էր և իր ամուսնու՝ Դիեգո Ռիվերայի պես ունեցել է լուսանկարների հավաքածու:

 

Մեխիկո քաղաքում գտնվող Կալոյի նախկին տանը հիմնադրված թանգարանում պահվում է մոտ 6.500 նկար, որոնցից շատերը Կալոյի և Ռիվերայի լուսանկարներն են և պատկերում են 20-րդ դարի առաջին կեսին իրենց վարած բոհեմական կյանքը, գրում է The Guardian-ը:

 

Լուսանկարներում կարելի է տեսնել ֆրանսիացի գրող Անդրե Բրետոնին և Լև Տրոցկուն: Այս հսկա հավաքածուն, որտեղ լուսանկարների մեծ մասը վերականգնման կարիք ունի, ընդգրկում է նաև այնպիսի լուսանկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Ման Ռեյը և Հենրի Կարտիե-Բրեսոնը:

 

Այժմ, ավելի քան 350 լուսանկար պետք է վերականգնվի 6-ամսյա ծրագրի ընթացքում, որը ֆինանսավորում է «Bank of America Merrill Lynch»-ը:

 

«Յուրաքանչյուր նկար կազմում է Ֆրիդայի բարդ ու խճճված կյանքի մեծ գլուխկոտրուկի մի մասնիկը»,- նշել է Կալոյի թանգարանի տնօրեն Հիլդա Տրուջիլոն: