Ռոտերդամի թանգարանի արվեստի գործերը գողանալու համար մեղադրվող ռումինացիները կկանգնեն դատարանի առաջ

14:55 • 13.08.13

Վեց ռումինացի կկանգնի Բուխարեստի դատարանի առաջ. նրանք մեղադրվում են հոլանդական թանգարանից 7 աշխարհահռչակ արվեստի գործերի «դրամատիկ» կողոպուտն իրականացնելու համար, գրում է BBC-ն:

 

Գլուխգործոցները, այդ թվում՝ Պիկասոյի, Գոգենի, Մոնեի, Մատիսի վրձնին պատկանող գործերը, գողացվել էին 3 րոպեի ընթացքում Ռոտերդամի «Kunsthal» թանգարանից, անցած հոկտեմբերին: Այս տարվա սկզբին նրանց հետքը հայտնաբերվել էր Ռումինիայում:

 

Վարկած կա, որ նկարների մի մասը վառել է մեղադրվողներից մեկի մայրը:

 

Կտավի, ներկի և մեխերի մնացորդները հայտնաբերվել էին Օլգա Դոգարուի վառարանում: Այնուամենայնիվ, մասնագետները դեռ հրաժարվում են հաստատել, թե արդյոք մնացորդներն այդ յոթ նկարներից են, թե ոչ:

 

Տիկին Դոգարուն նույնպես պետք է կանգնի դատարանի առջև իր տղայի հետ՝ գողությանն աջակցություն ցուցաբերելու համար:


Անցյալ տարվա հոկտեմբերին Նիդեռլանդների թանգարանից անհետացել էին Պիկասոյի «Ծաղրածուի գլուխը», Մատիսի «Ընթերցող աղջիկը», Մոնեի «Վաթերլոոյի կամուրջը», «Չարինգ-Քրոս կամուրջը», Պոլ Գոգենի «Կինը՝ բաց պատուհանի առջև», Մեյեր դե Հանի «Ինքնադիմանկարը» և Լյուսյեն Ֆրեյդի «Փակ աչքերով կինը»: Սա վերջին 20 տարվա ընթացքում Նիդեռլանդներում տեղի ունեցած արվեստի գործերի ամենամեծ գողությունն էր: