Մոնիկա Բելուչին նկարահանվում է Էմիր Կուստուրիցայի նոր ֆիլմում

12:19 • 14.08.13

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին այսօր սկսում է սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Սեր և պատերազմ» ֆիլմում նկարահանման աշխատանքները, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Էմիր Կուստուրիցան գեղարվեստական ֆիլմ նկարահանելու աշխատանքներին է վերադարձել 7-ամյա ընդմիջումից հետո։ Կաննի կինոփառատոնի կրկնակի դափնեկիրն իր նոր ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ սցենարիստը, և՛ գլխավոր դերակատարը։ Ֆիլմի բյուջեն կազմում է 5 մլն դոլար։

 

«Սեր և պատերազմ» ֆիլմը պատմում է մի զինվորի մասին, որը դառնում է վանական, և նրա ամբողջ կյանքի սիրո մասին, որին կմարմնավորի Բելուչին։

 

Իտալացի դերասանուհին ժամանել է Տրեբինյե քաղաք (Բոսնիա և Հերցեգովինայի հարավում), որտեղ կանցկացվեն նկարահանումները։ «Ես շատ ուրախ եմ, որ եկել եմ»,- ասել է Բելուչին, ով նույնիսկ սերբերեն է սովորել նկարահանումներին պատրաստվելիս։

 

Տեղի տուրօպերատորները նշում են, որ իտալացի աստղի ժամանման կապակցությամբ Տրեբինյեում զբոսաշրջիկների թիվն աճել է 15%-ով։