Գյումրիում էկոպատի շնորհիվ կձևավորվի նոր էկոմշակույթ

18:53 • 14.08.13

Գյումրիում սեպտեմբերին կհայտնվի գրաֆիտի եւ բնական ծաղիկների համադրությամբ էկոպատ: Եվրոպայում լայն տարածում ունեցող այս ծրագիրը Գյումրիում առաջին անգամ կյանքի կկոչեն «Էկոլաբ» ծրագրի մասնակիցները:

 

Գյումրեցի 5 երիտասարդներ «Միացյալ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում Չերազի 61 հասցում գտնվող շինության պատը կօգտագործեն նոր էկոմշակույթ ձևավորելու նպատակով:

 

Երիտասարդները համագործակցելու են բնապահպանների հետ: Տարածքը կանաչապատելու են: Պատի վերևի հատվածը լինելու է բուսածածկ, իսկ ներքևում կատարվելու է գրաֆիտի աշխատանքը:

 

Խմբի ղեկավար Գոռ Թորոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղանքի ընտրությունը պատահական չի եղել: Շինությունը գտնվում է Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ: Հարակից տարածքում գտնվում է «Հեղնար աղբյուր» հուշարձանը: Տարածքը տեսանելի է Վարդանանց հրապարակից և իր նոր տեսքով կգրավի ոչ միայն բնակիչներին, այլև Գյումրի այցելող զբոսաշրջիկներին:

 

«Բացի այդ, տեղանքը ստվերոտ է, որ շատ հարմար է պլաստիկե շշերի մեջ տեղադրված բույսերի համար: Մենք առաջին անգամ կիրառելու ենք այլընտրանքային կանաչապատման մի եղանակ, որ սկզբում շատ անսովոր կլինի մարդկանց համար»,– ասաց Գոռ Թորոսյանը:


«Բայց կարծում եմ հետագայում էկոպատի մշակույթը լայն տարածում կգտնի Գյումրիում: Կանաչապատման այս եղանակով կարելի է մաքրել, բարեկարգել անգամ լքված շինությունները ու դարձնել աչքի համար ավելի շոյող»,- հույս հայտնեց նա։

 

Էկոպատի նախագիծը առաջիկայում կքննարկվի քաղաքապետարանում: Մինչ այդ երիտասարդները ձեռք են բերել բանավոր պայմանավորվածություն փոխքաղաքապետի և քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի հետ աշխատանքները սկսելու ուղղությամբ:


«Էսքիզը հենց հաստատվեց, հաջորդ օրը մենք կսկսենք աշխատանքները>,-վստահեցրեց ծրագրի ղեկավար Գոռ Թորոսյանը: