Եռաչափ նոր նկարներ՝ Ազատության հրապարակում

19:48 • 15.08.13

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամառային հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով, Ազատության հրապարակում եռաչափս նոր նկարների պատկերումն իրականացվել է «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

Այդ նպատակով երկրորդ անգամ Երևան է հրավիրվել 3D նկարիչ Նիկոլայ Արնդտը, ով երևանցիներին հայտնի է Ազնավուրի հրապարակում անցյալ տարի պատկերած «Ալիգատորներ» եռաչափ նկարով։ Նիկոլայ Արնդտի նոր ստեղծագործությունը «Կարապի լիճ» եռաչափ պատկերն է:

 

Զուգահեռ աշխատել են նաև հայ երիտասարդ նկարիչներ, ովքեր ևս մի քանի այլ 3D պատկերներ են նկարել հրապարակում։

 

Ազատության հրապարակում նոր աշխատանքներին է ծանոթացել նաև քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

 

«Մայրաքաղաքում եռաչափ նկարներ ունենալու նախաձեռնությունը լայն արձագանք գտավ երևանցիների շրջանում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ քաղաքապետի կողմից համապատասխան հրավեր եղավ Նիկոլայ Արնդտին: Այս տարի աշխատանքներում ներգրավվեցին նաև հայ երիտասարդ նկարիչներ»,– ասել է Դավիթ Օհանյանը։


«Կարծում եմ, նրանց համար սա լավ հնարավորություն էր և փորձ` հետագայում արդեն ինքնուրույնաբար եռաչափ պատկերներ ստանալու համար: Առհասարակ, եռաչափ նկարները Երևանի համար նոր մշակույթ են, սակայն մեծ տարածում ունեն աշխարհի շատ քաղաքներում»,-նշել է նա:

 

Ազատության հրապարակում զբոսնող երևանցիներն ու նաև օտարերկրացիները շտապել են առաջինը տեսնելու նկարներն ու լուսանկարվել պատկերների ֆոնին:

 

Ծրագիրը, ըստ նախաձեռնողների, շարունակական է լինելու և ընդգրկելու է նոր տարածքներ: