Չինաստանը վերսկսել է Հոլիվուդին վճարումները

17:43 • 15.08.13

China Film Group ընկերությունը, որը պատասխանատու է Չինաստանում կինովարձույթի համար, խոստացել է հոլիվուդյան ստուդիաներին վճարել իրենց հասանելիք գումարները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

 

Կուտակված պարտքը մարվելու է 4 փուլով: Վճարումների չափերը չեն մանրամասնվում:

 

2013 թվականի հուլիսի վերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Չինաստանը տասնյակ միլիոնավոր դոլարների պարտքեր է կուտակել ամերիկյան կինոստուդիաներին: Վճարումները դադարեցվել էին 2012 թվականի աշնանից:

 

China Film Group-ը պատճառաբանել էր, որ ամերիկյան ստուդիաներն էլ, իրենց հերթին, հրաժարվում են Չինաստանին վճարել հավելյալ երկու տոկոս հարկը: Ամերիկյան կինոընկերությունների ներկայացուցիչները նշել էին, որ նման հարկի վճարումը հակասում է 2012 թվականին Առևտրի համաշխարհային կազմակերպության հաստատած կանոններին: Այս կանոնների համաձայն՝ ստուդիաները պետք է ստանան Չինաստանում իրենց ֆիլմերից ստացված գումարների 25 տոկոսը:

 

Ներկայում չինական կինոշուկան համարվում է աշխարհում ամենահեռանկարայիններից մեկը: