«Կոնվերս Բանկը»՝ Հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված բացօթյա ցուցադրումների հովանավոր
Առաջիկայում «Կոնվերս Բանկի» և «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչների համատեղ ջանքերով կանցկացվեն հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված ֆիլմերի բացօթյա ցուցադրումներ, որոնք տեղի կունենան օգոստոսի 17-ից հոկտեմբերի 31–ը՝ յուրաքանչյուր շաբաթ երեկո, Երևանի Սիրահարների այգու Ռոբերտ Պողոսյանի ամֆիթատրոնում: Այցելուները հնարավորություն կունենան վայելելու հայկական անիմացիայի վարպետների ճանաչված ու սիրված ֆիլմերը: Այս մասին տեղեկանում ենք «Կոնվերս Բանկի» մամուլի ծառայությունից։
Այդ ընթացքում՝ հոկտեմբերի 26-ին կմեկնարկի նաև «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 31-ը: Հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:
Հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաև «Լավագույն անիմացիոն հոլովակ» թեմատիկ մրցույթ, որի նպատակն է խթանել հայ երիտասարդ անիմատորների գործունեությունը, ներգրավել նոր երիտասարդների և օգնել նրանց կատարելու իրենց առաջին քայլերը։ Մրցույթի հաղթողների համար «Կոնվերս Բանկ»–ը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ավարտին:










