Վիլնյուսում կայացել է Ջիվան Գասպարյանի և Հասմիկ Գրիգորյանի համերգը

20:53 • 15.08.13

Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել համերգ՝ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի և Լիտվայի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

 

Համերգի սկզբին կազմակերպվել է ընդունելություն, որին ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ով ասել է, որ մշակութային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների մերձեցման ամենակարևոր բաղադրիչներից է, իսկ օգոստոսի 14-ին համերգի անցկացումը համընկնում է պատմական կարևորագույն իրադարձության հետ, երբ 1991թ. օգոստոսի 14-ին Լիտվան առաջինն աշխարհում ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ իբրև հայ և լիտվացի ժողովուրդների միջև ավանդական բարեկամության, և փոխադարձ աջակցության վկայություն:

 

Դեսպանը նշել է, որ անկախությունից ի վեր յուրաքանչյուր տարի նոր էջ է բացել վերընթաց զարգացում ապրող հայ-լիտվական միջպետական հարաբերություններում:

 

Միևնույն ժամանակ նա առանձնացրել է 2013 թվականի կարևորությունը ԵՄ Խորհրդում Լիտվայի և Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության հանգամանքով, ինչը երկու երիտասարդ պետությունների համար մեծ պատիվ է, ինչպես նաև հսկայական պատասխանատվություն:

 

Արա Այվազյանը համոզմունք է հայտնել, որ Լիտվայի նախագահությունը ԵՄ Խորհրդում կպսակվի հաջողությամբ, իսկ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովը կսկզբնավորի երկարաժամկետ և փոխշահավետ գործակցության նոր փուլ:

 

Երեկոյին ներկա շուրջ 1000 հյուրերի թվում են եղել Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական և լրագրողական շրջանակների, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Համերգին հնչել են հայկական, լիտվական և եվրոպական կատարումներ: