«Քվանտային ցատկ» մուլտֆիլմը հայկական 3D անիմացիան կներկայացնի միջազգային փառատոներում (լուսանկարներ, տեսանյութ)
Հայկ Սահակյանցի (խորհրդային և հայ հայտնի ռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին) նոր «Quantum jump» կամ «Քվանտային ցատկ» մուլտֆիլմը կներկայացվի այնպիսի հեղինակավոր միջազգային փառատոներում, ինչպիսին են՝ Goldn Kuker Sofia-ն, Fest anca Slovak Republic-ը, SIYFF Korea-ն, Edinburg short film festival-ը։
3D ձևաչափով նկարահանված «Քվանտային ցատկ»-ը զվարճալի պատմություն է Շաոլին մենաստանի երիտասարդ վանականի մասին, որը հետաքրքրությամբ հետևում է մենաստանում տեղի ունեցող իրադարձություններին և երազում յուրացնել մեդիտացիայի բոլոր օրենքները...
Tert.am-ի հետ զրույցում մուլտֆիլմի ռեժիսորը և հեղինակը նշեց, որ ֆիլմը չի հավակնում որևէ լրջության, ավելի շուտ դա «կատակ է ինչ-որ իրավիճակի վերաբերյալ»։
Սահակյանցի խոսքով՝ մուլտֆիլմը ստեղծելու գաղափարն առաջացել է Վարդան Զադոյանի մոտ։
«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ պետք է հայերը մուլտֆիլմ նկարահանեն չինացիների մասին։ Այդ հարցը մեզ տվել են նաև չինացիները։ Պարզապես մեզ մոտ մեդիտացիայի թեմայով զվարճալի մուլտֆիլմ ստեղծելու գաղափար առաջացավ, իսկ դա, իր հերթին, ենթադրում է որոշակի միջավայր և համապատասխան մշակույթ։ Մեր դեպքում դա Չինաստանն է, իսկ ավելի կոնկրետ՝ Շաոլինի մենաստանը»,- պատմեց մուլտիպլիկատորը։
Հայկ Սահակյանցն ընդգծեց, որ սցենարը գրվել է 2 ամսում, իսկ ընդահուր առմամբ 7 րոպե տևողությամբ ֆիլմի աշխատանքները տևել են մեկ տարի, ընդ որում՝ աշխատել է ընդամենը 3 մարդ։










