Արգենտինայի մայրաքաղաքը` տանգոյի ռիթմերի մեջ

10:19 • 15.08.13

Արգենտինայի մայրաքաղաքը «ողողվել» է տանգոյի ռիթմերով. Բուենոս Այրեսում մեկնարկել է տանգոյի փառատոնը՝ մեկտեղելով այդ պարի սիրահարներին ամբողջ աշխարհից, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Երկշաբաթյա «պարային մարաթոնի» մեկնարկը տալու իրավունքը տրվել է «Sexteto Mayor»-ին՝ Բուենոս Այրեսի լավագույն տանգո-նվագախմբերից մեկին, որը բուռն ծափողջույններով է ընդունվել հանդիսատեսի կողմից։

 

Փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր համերգներ, ներկայացումներ, հանդիպումներ, վարպետության դասեր, ինչպես նաև պարային երեկոներ։ Բացի այդ, կգործի տոնավաճառ, որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել հագուստ և կոշիկներ տանգոյի համար, գրքեր, հուշանվերներ և այն ամենը, ինչ կապված է այդ պարի հետ։

 

Օգոստոսի 19-ին փառատոնի շրջանակում մեկնարկում է տանգոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի մոտ 500 զույգ աշխարհի տարբեր երկրներից։ Հաղթողները կորոշվեն օգոստոսի 26-ին և 27-ին։