Ավելի քան կես դար կինոյում. Պիեռ Ռիշարը նշում է իր 79-ամյակը (լուսանկարներ)

09:54 • 16.08.13

Հանրահայտ ֆրանսիացի դերասան Պիեռ Ռիշարն այսօր նշում է ծննդյան 79-ամյակը։ Ավելի քան կես դար անկրկնելի կատակերգուն մի քանի սերունդների կուռքն է։ ИТАР-ТАСС գործակալությանը տված հարցազրույցում «բարձրահասակ շիկահերը» պատմել է կինոյից հետո իր մեկ այլ գլխավոր հետաքրքրության՝ գինեգործության մասին։

 

Ֆրանսիայի հարավում Կորբյերի շրջանում գտնվող Chteau Bel Evque տնտեսությունն օգոստոսին բազմաթիվ մարդկանց է գրավում։ Այստեղ կարելի է հանդիպել և նույնիսկ ստանալ ֆրանսիական կինեմատոգրաֆի վարպետի ինքնագիրը։

 

«Հիշում եմ, երբ մի անգամ եկա այստեղ։ Ես պետք է հանգստանայի, լիցքաթափվեի։ Ի սկզբանե, ցանկություն չունեի այստեղ տուն գնել, առավելևս՝ մի ամբողջ տնտեսություն։ Սակայն շրջանն ինձ գրավում էր։ Ես ծանոթացել էի նաև տեղացի մի գինեգործի հետ, որն այնքան տարված էր պատմում իր գործի մասին, որ 2 ամիս անց գնեցի մի քանի հեկտար խաղողի այգի և ինքս սկսեցի գինի պատրաստել»,- պատմել է Ռիշարը։

 

Իր 79-ամյակը դերասանը կնշի մտերիմների շրջանում։ «Կլինի մոտ 10 մարդ»,- ասել է Պիեռ Ռիշարը՝ հավելելով, որ հիմնական տոնակատարությունները նախատեսված են հաջորդ հոբելյանական տարում։ Իսկ հիմա դերասանը ցանկանում է «պարզապես հանգստանալ»։