Օսկար Շինդլերի փաստաթղթերը վաճառվել են անհայտ գնորդի (լուսանկարներ)
ԱՄՆ-ում 122.000 դոլարով վաճառվել են գերմանացի ձեռնարկատեր Օսկար Շինդլերի փաստաթղթերը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, վտանգելով իր կյանքը, հիտլերյան համակենտրոնացման ճամբարներից փրկել է 1.200 հրեայի, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «RR Auction» աճուրդի տան ներկայացուցիչներին։
1944թ. ամռանը Շինդլերն իմանում է, որ նացիստները նախատեսում են փակել ոչ ռազմական գործարանները։ Նրան հաջողվում է թույլտվություն ստանալ և Կրակովում գտնվող գործարանը հրեա աշխատողների հետ տեղափոխել Բրունլից՝ ներկայիս Չեխիայի տարածք։
«Ես առաջին անգամ տեսա այս փաստաթուղթը, որը հաստատում է այն, որ Շինդլերը նման թույլտվություն է ստացել։ Կարծում եմ, որ դրա համար երկար ժամանակ է պահանջվել։ Եթե նա թույլտվություն չստանար, ապա «Շինդլերի ցուցակը» պարզապես չէր լինի»,- պատմել է Հոլոքոստի պատմաբան և Շինդլերի կենսագիր Դևիդ Քրոուն։
Աճուրդում ներկայացվել են նաև Շինդլերի գործարանի նախագծերը, որտեղ պետք է զինամթերք արտադրվեր։ Այդ շինության հետևում գտնվել են բնակելի շինություններ հրեա աշխատողների համար։ Այդ գծագրերն աճուրդում վաճառվել են 63 հազ. դոլարով։
«RR Auction»-ից հայտնել են, որ բոլոր փաստաթղթերը ձեռք է բերել մի գնորդ, որը ցանկացել է անհայտ մնալ։













