Էմիր Կուստուրիցան խիստ է արձագանքել բոսնիացի մուսուլմանների առաջնորդի քննադատությանը

13:54 • 17.08.13

Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան խիստ է արձագանքել Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության՝ բոսնիացի մուսուլմանների ներկայացուցիչ Բակիր Իզետբեգովիչին, ով իրեն դավաճան էր անվանել, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Առաջին հերթին ես այն ժողովրդի մասնիկը չեմ, որին ինձ դասել է Իզետբեգովիչը, և հետևաբար, չեմ կարող լինել դավաճան: Երկրորդ հերթին, ակնհայտ է, որ նա ուրիշ գործ չունի անելու, քան չար կատակներ հորինելը»,- ասել է Կուստուրիցան:

 

Սերբական քաղաքացիություն ունեցող ռեժիսորն ասել է, որ դա մաքուր ատելություն է և որ իրեն փորձում են վտարել Բոսնիայից դեռ 1981 թվականից սկսած:

 

Իզետբեգովիչը հայտարարել էր, որ երբեք թույլ չէր տա Կուստուրիցային աշխատել Բոսնիա և Հերցեգովինայում՝ անվանելով նրան «բոսնիական ժողովրդի մեծ դավաճան»: Բացի այդ, նա և ևս երեք իշխանավորներ դիմել են բոսնիական բանակի ղեկավարությանը՝ պահանջելով հրաժարվել Կուստուրիցայի նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ տեխնիկական օգնություն ցուցաբերելուց:

 

Ռեժիսորն այդ առիթով հայտարարել է, որ արդեն ստացել է նկարահանումներում ռազմական տեխնիկա և զենք օգտագործելու համար անհրաժեշտ թույլտվությունները, բայց քաղաքական գործիչների միջամտության արդյունքում մի քանի տեսարանների նկարահանումները վտանգի տակ են: