Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է Աստվածածնի վերափոխման տոնը

16:39 • 18.08.13

Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր մեծ շուքով նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։


Այս օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։ Վաղ առավոտից Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի էին շտապել հազարավոր ուխտավորներ։ Նրանց մեծ մասը վարչական տարբեր շրջաններից Նորքի բարձունք տանող ճանապարհը, որպես ուխտավոր, ոտքով էին հաղթահարել։


Մատուցված Սուրբ պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեքի արարողություն, որի ժամանակ, խորհրդի համաձայն, օրհնվում է նաև տարվա ամբողջ բերքը։


Վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը նշել է, որ, ավանդույթի համաձայն, ամեն տարի տոնը նշվում է մեծ ոգևորությամբ, քաղաքապետարանի ու վարչական շրջանի աշխատակազմի կողմից էլ նախապես ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները` ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար։


Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում, իսկ երեկոյան ժամը 1800-ից մինչ ուշ երեկո, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում, Արաբկիր վարչական շրջանի Մերգելյան ինստիտուտին հարակից պուրակում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ տեղի կարուսելները մանուկների համար գործելու են անվճար։