Թուրքիայում ախոռի վերածված եկեղեցին պահպանության տակ առնելու որոշում է կայացվել, բայց...
Թուրքիայի Թոքաջլը գյուղում գտնվող և ախոռի վերածված Բաշվանք եկեղեցու սեփականատեր Յըլմազ Յամաչը բազմիցս դիմել է կառավարությանը և ի վերջո պատասխան է ստացել. եկեղեցին որպես մշակութային ժառանգություն պահպանության տակ առնելու որոշում է կայացվել։ Սակայն Յամաչը նշում է, որ չնայած այդ որոշմանը՝ դա չի իրագործվում, գրում է «Ակօսը»։
Նա դեռևս 2012թ.-ին դիմել է Մշակույթի նախարարությանը և այժմ պահանջում է, որ առկա որոշումն արագ իրականացվի։ Սակայն եկեղեցին դեռևս շարունակում է որպես ախոռ օգտագործվել։
Գյուղացիներն այնտեղ պահում են իրենց կենդանիներին և նրանց համար նախատեսված խոտը։
Եկեղեցին, չնայած տարիներ շարունակ անուշադրության է մատնված եղել, նախկին վեհությունից շատ բան չի կորցրել։
«Մեր մանկությունն այնտեղ, այդ եկեղեցում է անցել։ Այնտեղ էինք խաղում։ Այժմ, երբ ամռանը գնում եմ մեր գյուղ, տեսնում եմ, որ եվրոպացի զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում եկեղեցու հանդեպ։ Նրանք արդարացիորեն զայրանում են և մեզ ասում. «Դուք ձեր մզկիթներում կենդանիներ պահո՞ւմ եք»։ Ես պատրաստ եմ եկեղեցու սեփականության վկայականը փոխանցել հայ համայնքին։ Նման գեղեցիկ կոթողը թող չկորչի»,-ասել է եկեղեցու սեփականատերը։










