Տեղի է ունեցել Եգիպտոսի պատմության մեջ ամենախոշոր թանգարանային գողությունը. գողացվել է 1.000-ից ավելի թանգարանային նմուշ
Մինչ Եգիպտոսում բախումներ են պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների և ուժայինների միջև, գողերն օգտվում են ընձեռված հնարավորությունից: Կահիրեից 300 կմ հեռավորության վրա գտնվող Մինյա քաղաքի Մալաուի թանգարանում տեղի է ունեցել Եգիպտոսի պատմության ընթացքում ամենամեծ գողությունը, գրում է rt.com-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:
Գողերը թանգարանից գողացել են 1.000-ից ավելի թանգարանային նմուշ, ներառյալ՝ 3500-ամյա թանկարժեք կրաքարից արձան, հնագույն ուլունքահատիկներով զարդեղեն, ոսկե և բրոնզե հունահռոմեական մետաղադրամներ, կավե առարկաներ...
Թանգարանի տոմսավաճառը գողության ընթացքում սպանվել է: Մոտակայքում չեն եղել ոստիկանություն և զորքեր:
Հնագետ Մոնիկա Հաննային, ինչպես նաև անվտանգության աշխատակիցներից մեկին հաջողվել է փրկել 40 թանգարանային նմուշ, այդ թվում՝ 5 հնագույն եգիպտական սարկոֆագ, երկու մումիա և մի քանի տասնյակ այլ իրեր, որոնք գողերը թողել են փողոցում:
Պաշտոնյաները նշել են, որ չեն հետապնդի այն մարդկանց, ովքեր կվերադարձնեն գողացված իրերը: Դեռ ավելին, նրանք փոքրիկ հատուցում կստանան վերադարձրած թանգարանային գործերի համար:










