Բենեդիկտ Քամբերբեթչը դուրս չի գալիս Ջուլիան Ասանժի դերից նույնիսկ նկարահանումներից հետո (լուսանկարներ)
Բենեդիկտ Քամբերբեթչը, որը կատարել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դերը «Հինգերորդ իշխանություն» ֆիլմում, այնքան է մտել դերի մեջ, որ դուրս չի գալիս դրանից նույնիսկ նկարահանումներից հետո։ Այժմ տեսախցիկներ տեսնելով՝ դերասանը չի թաքնվում, այլ հասարակական կարևոր «մեսիջներ» է հղում ժողովրդին և քաղաքական գործիչներին, գրում է Обозреватель-ը։
Օրերս Քամբերբեթչն օգտվել է լուսանկարիչների տեսախցիկներից երկու անգամ։ Առաջին ագամ նա հաղորդագրություն է հղել հենց նրանց. «Գնացեք Եգիպտոսը նկարահանեք և ցույց տվեք աշխարհին ինչ-որ կարևոր բան»։
Այնուհետ օգտագործել է «Շերլոկ» սերիալի նկարահանման հրապարակում նրան շրջապատած լուսանկարիչներին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին հաղորդագրություն հղելու համար։
«Համակարգիչները կոտրվում են, լրագրողներին ձերբակալում են օդանավակայաններում. դա՞ է ժողովրդավարությունը։ Հրապարակումների արգելք. ինչպե՞ս է խոսքի ազատության սահմանափակումն օգնում պայքարել ահաբեկչության դեմ։ Ի՞նչ են մեզանից թաքցնում»,- նման հարցեր է դերասանը գրել սպիտակ թղթի վրա և պահել տեսախցիկների առաջ։
Այնուհետ դերասանը հրաժեշտ է տվել մամուլի աշխատողներին և հանգիստ շարունակել մարմնավորել Շերլոկ Հոլմսին։















