Նյու Յորքում աճուրդում կվաճառվեն Օգյուստ Ռենուարի անձնական իրերը

13:10 • 24.08.13

Նյու Յորքում սեպտեմբերի 19-ին աճուրդում կվաճառվի ֆրանսիացի նկարիչ Օգյուստ Ռենուարի անձնական իրերի խոշոր արխիվը, գրում է pravda.ru-ն։

 

Փորձագետներն արխիվը գնահատել են 3 մլն դոլար։ Կվաճառվեն նկարչի փաստաթղթերը, գրառումների գրքերը, քննադատների արձագանքները և ժամանակակիցների նամակները, օրինակ՝ Կլոդ Մոնեի և Էդուարդ Մանեի հետ ունեցած նամակագրությունը։


Բացի այդ, արխիվում ընդգրկված են արձանների 19 օրիգինալ գիպսե մոդելներ, որոնք նկարիչը ստեղծել է 1913-1918թթ. ընթացքում, 2՝ ոչ այդքան հայտնի քանդակներ։


Ռենուարի մասին գրքի հեղինակ Վիրջինիա Ժուրնիակը «The Woodcocks» կտավը համարում է նրա վերջին աշխատանքը։ Ժուրնիակը գրել է. «Նա նկարել է երկու սատկած թռչունների նատյուրմորտը իր մահից մի քանի ժամ առաջ, և դա բավականին խորհրդանշական է»։


Արխիվը 2005-ին վաճառքի է հանել նկարչի թոռը՝ Փոլը, որն ամբողջությամբ գնել է անհայտ մի գործարար։