Սելինջերի կենսագրականի հեղինակները պնդում են՝ հեղինակի նոր գրքեր են սպասվում

12:58 • 25.08.13

Ջերոմ Դեյվիդ Սելինջերի կենսագրականի հեղինակները պնդում են, որ բացահայտել են, թե «ինչի վրա էր աշխատում «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպի հեղինակն իր կյանքի վերջին 50 տարվա ընթացքում», գրում է news.yahoo.com-ը։

 

2015-2020 թվականների ընթացքում Սելինջերի նոր հրատարակություններ են նախատեսվում՝ համաձայն «Սելինջեր» գրքի համահեղինակ Դեյվիդ Շիլդսի և Շանե Սալերնոյի: Իսկ «Սելինջեր» գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 3-ին: Գրքի հեղինակները վկայակոչում են «երկու անկախ աղբյուրի», ովքեր փաստագրել և ճշտել են տեղեկությունը:

 

1960-ականներից հետո Սելինջերն այլև գիրք չի հրատարակել, քանի որ առհասարակ որոշել է հեռանալ հանրային կյանքից: Վերջին 50 տարվա ընթացքում անվերջանալի և իրար հակասող ենթադրություններ են արվել, թե արդյոք ինչ էր անում Սելինջերն իր մեկուսանալու տարիներին: Հայտնի է, որ Սելինջերը շարունակել է գրել: Ընկերները, հարևանները և ընտանիքի անդամները նշել են, որ իր կյանքի վերջին տարիներին Սելինջերը գրում էր: Հեղինակն ինքը 1974 թվականին ասել էր The New York Times-ին, որ ամեն օր գրում է՝ չնայած միայն իր համար:

 

700-էջանոց կենսագրական գիրքը շատ հետաքրքիր՝ մինչ այս անհայտ մանրամասներ է պատմում Սելինջերի կյանքի մասին, ներկայացնում է հազվագյուտ լուսանկարներ և նամակներ, աննախադեպ մանրամասներ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հեղինակի կյանքի և առաջին կարճատև ամուսնության մասին: