Կոմիքսների սիրահարները հավանություն չեն տվել Բեթմենի դերի համար Բեն Աֆլեքի թեկնածությանը

16:11 • 27.08.13

Բեթմենի մասին կոմիքսների սիրահարները դեմ են, որ Warner Bros.-ի նոր ֆիլմում իրենց սիրած հերոսին մարմնավորի հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը: Change.org կայքում խնդրագիրն արդեն 78 հազարից ավելի մարդ է ստորագրել, գրում է ria.ru-ն:

 

«Նրա դերասանական ունակություններն այնքան էլ լավը չեն Բրյուս Ուեյնի դերը ճշմարտանման խաղալու համար: Նա բավականաչափ վախենալու տեսք չունի Բեթմենի դերի համար: Բեթմենը նա է, ով մարդկանց սրտերում վախ է առաջացնում»,- գրված է խնդրագրի տեքստում:

 

Միևնույն ժամանակ տեքստի հեղինակ Ջոն Ռոդենն ընդգծում է, որ Աֆլեքին վատ դերասան չի համարում, նա միայն կասկածում է, որ վերջինս կկարողանա լավ հանդես գալ այդ դերում:

 

Խնդրագիրը պետք է ևս մոտ 72 հազար ստորագրություն հավաքի, որպեսզի կինոընկերությունն այն հաշվի առնի և քննարկի:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Պողպատե մարդը» ֆիլմի երկրորդ մասի ստեղծողներն Աֆլեքին հրավիրել են Բեթմենի դերի համար: Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2015 թվականի հուլիսի 17-ին: