100 տարվա ընթացքում առաջին անգամ Սուրբ Խաչ եկեղեցում մկրտության արարողություն կկատարվի
Վերջերս վերանորոգված Վանի Աղթամար կղզու հնամենի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8-ին՝ ամենամյա պատարագի ժամանակ, տեղի կունենա անցած 100 տարվա ընթացքում առաջին մկրտության արարողությունը։ Այս մասին «Ակօս» թերթի հետ զրույցում ասել է Վանի նահանգի մշակութային ու զբոսաշրջային վարչության ղեկավար Մուզաֆեր Աքթուղը, հայտնում է Hurriyet Daily News-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայում ու արտասահմանում բնակվող բազմաթիվ հայեր 2010թ. ի վեր այցելում են Աղթամար կղզում գտնվող 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին՝ տարին մեկ անգամ անցկացվող պատարագին մասնակցելու համար։
Թուրքիայի իշխանությունները վերանորոգել են եկեղեցին 2005-2007թթ. ընթացքում, և այժմ այն ծառայում է որպես թանգարան։ Իսկ պատարագն այստեղ անցած 95 տարվա ընթացքում առաջին անգամ մատուցվել է 2010թ.։










