Չեխովի երիտասարդության մասին ֆիլմը հիմնված կլինի սկանդալային գրքի վրա
Համաշխարհային գրականության դասական Անտոն Չեխովի մասին դրամատիկ ֆիլմն էկրաններին կհայտնվի հաջորդ տարի, գրում է filmpro.ru-ն։
«Չ եղբայրներ» անվանումով ֆիլմը կպատմի հայտնի գրողի կարիերայի սկզբում ստեղծագործական անհաջողությունների և նրա ընտանեկան կյանքի դժվարությունների մասին։
Ֆիլմի ստեղծողների համար ուսումնասիրության առարկա են դարձել Չեխովի երիտասարդ տարիները՝ նրա հարաբերություններն ալարկոտ եղբայրներ Ալեքսանդրի և Նիկոլայի հետ, որոնց գրողը, ինչպես և ծնողներին, ստիպված է միայնակ պահել։
Հեղինակները խոստանում են ներկայացնել գրողին «առանց չափազանցության». մարդ, որը վարում է ցոփ կենսակերպ և երկրորդական պատմվածքներ գրում նմանատիպ երկրորդական ամսագրերի համար։
Ֆիլմը հիմնված է հիմնականում Դոնալդ Ռեյֆիլդի «Անտոն Չեխովի կյանքը» սկանդալային գրքի վրա, որում բրիտանացի գրականագետը կասկածի տակ է դնում գրողի բացառիկ ինտելիգենտությունը։
Ֆիլմում նրան մարմնավորել է երիտասարդ դերասան Եգոր Կորեշկովը։ Նա վստահ է, որ ոչ բոլորին դուր կգա նոր ֆիլմի թեմատիկան։ Բեմադրման համար պատասխանատու է թատերական ռեժիսոր Միխայիլ Ուգարովը։ Նա նշել է, որ չի պատրաստվում նկարահանել սկանդալային ֆիլմ։
«Չ եղբայրներ» ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարի։










