«Էրեբունի» թանգարանը 1-ինը միացավ ՀՀ–ում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումներին (լուսանկարներ)

17:03 • 30.08.13

Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանին հասակակից մեկ այլ քաղաքի` Հռոմի ժառանգությունն ու անկրկնելի գեղեցկությունը, տեղեկացնում է թանգարանի մամուլի ծառայությունը:


Քառասուն անկրկնելի պատկերներ` Կոլիզեումը, Կայսերական պողոտան, Տրայանոսի և Հռոմեական ֆորումները, Պանթեոնը, Տրևի շատրվանը, Վատիկանը, Կապիտոլիումի բլուրը, վիլլա Պամֆիլին, վիլլա Բորգեզեն, մոնումենտալ ժառանգության այլ օրինակներ այցելուին փոխանցեցին Հռոմի ոգին և պատմական միջավայրը: Եվրոպայի այցեքարտ համարվող «հավերժական քաղաք Հռոմի» 40 տեսարաններ մինչև հոկտեմբեր վերջ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացնեն քաղաքի պատմական շինությունները` ընդգծելով, որ ժառանգությունը մեր կենսամիջավայրի գեղեցկության երաշխավորն է:


Ցուցահանդեսը կրում է «Հռոմ. իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը և ավարտվում է երևանցիներին ուղղված կոչով` «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին»:


Հանդես գալով բացման խոսքով` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը հույս է հայտնել, որ այս ցուցահանդեսը այցելուների մոտ կձևավորի նոր վարքագիծ և վերաբերմունք դեպի Էրեբունի հնավայրը` մեր քաղաքի ծննդավայրը:


Ցուցահանդեսի բացումը և Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը ողջունել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության աշխատակցուհի Անահիտ Թովմասյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:


Ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը դիմելով ներկաներին` հիշեցրել է, որ ժառանգության պահպանությունը նաև հասարակական պարտավորություն է, իսկ ժառանգությանը պատճառված վնասները անդառնալի կորուստներ են:


Ցուցահանդեսը 1-ինը դիտելու պատիվ են ունեցել նաև Գերմանիայից ժամանած տասնյակ զբոսաշրջիկներ: «Հռոմ. իմ քաղաքի ժամանակակիցը» ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը: