«Քարերի սիմֆոնիայի» պաստառը միջազգային շուկայում երկրի ներկայացմանն ուղղված լուրջ հաղթանակ է. Մեխակ Ապրեսյան
Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» զբոսաշրջային պաստառը ՄԱԿ ԶՀԿ մրցույթի Եվրոպա կատեգորիայի հաղթող ճանաչվելը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը համարում է միջազգային շուկայում երկրի ներկայացմանն ուղղված լուրջ հաղթանակ:
«Իհարկե, դա մեր տուրիզմին զարկ տվող քայլ է, դա նախ երկրի լրացուցիչ և յուրատեսակ գովազդ է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013թ. «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում` Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը:
Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանի պաստառը եվրոպական տարածքում հաղթող ճանաչվելու փաստը տեղադրվելու է ՄԱԿ ԶՀԿ-ի պաշտոնական կայքում և երկու տարի շարունակ, մինչև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաջորդ նստաշրջանը մնալու է կայքում, ինչպես նաև Մադրիդում ՄԱԿ ԶՀԿ-ի գլխավոր գրասենյակի նախասրահում նույնպես փակցված է լինելու:
«Բացի այդ, դա հայտարարվել է գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, բոլոր մասնակից պետությունների ներկայացուցիչների, այսինքն՝ համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչների մի հոծ բազմության առջև»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մրցակցությանը, զբոսաշրջության վարչության պետը վկայեց, որ այն բավականին լուրջ էր. «Օնլայն քվեարկություն է եղել, ամբողջ աշխարհն առցանց քվեարկել է և այդ պայմաններում է, որ Հայաստանի պաստառը Եվրոպայում լավագույնն է ճանաչվել»:
Որպես բնության յուրատեսակ հուշարձան, «Քարերի սիմֆոնիայի» պահպանման մասին Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այդ մասով ժամանակին եղել է խնդիր , բայց հիմա դա արդեն լուծված է, և «Քարերի սիմֆոնիան» արդեն ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, այսինքն՝ օրենքով արդեն պաշտպանված է:
«Այդ խնդիրը վաղուց վերացած է, հուշարձանն օրենքով պաշտպանված է, մնում է նաև մենք, այնուամենայնիվ, հասկանանք, որ բոլորիս սիրտը պետք է ցավա և բոլորս պետք է ընդհանրապես մեր պատմամշակութային հուշարձանների, բնության հուշարձանների նկատմամբ սրտացավ վերաբերմունք ունենանք և պահպանենք»,- եզրափակեց նա:
Լուսանկարը՝ ֆոտոլուր-ի










