Բրիտանական թանգարանում առաջին անգամ կցուցադրվեն էրոտիկ բովանդակությամբ ճապոնական փորագրություններ

23:41 • 02.09.13

Բրիտանական թանգարանում առաջին անգամ կցուցադրվեն ճապոնական փորագրություններ, որոնք էրոտիկ բովանդակություն ունեն: XVII-XIX դարերի այդ պատկերները լայն հասարակությանը հասանելի չէին ավելի քան 100 տարի՝ բավականին անկեղծ բովանդակության պատճառով, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով International Business Times-ին:


Սակայն այս փորագրությունների մեծ մասը կարելի էր հանդիպել գրքերում, որոնք նվիրված էին ճապոնական գեղանկարչությանը: Այժմ դրանք հնարավոր է դիտել «Սյունգա. Սեքսը և հաճույքը ճապոնական արվեստում» ցուցադրության շրջանակներում:


XVII-XIX դարերում Ճապոնիայում մշակութային կյանքը գտնվում էր խիստ վերահսկողության տակ, ինչի պատճառով սյունգան փորձել են մի քանի անգամ արգելել: XVIII-ի վերջում այս ուղղությունն անօրինական է դառնում: Սակայն նույնիսկ դրանից հետո էրոտիկ նկարները մեծ պահանջարկ ունեին ճապոնացիների շրջանում: Նման պատկերները բավականին թանկարժեք էին: