Ֆրեդի Մերկուրիի մասին կենսագրական ֆիլմը կարող է հետաձգվել

16:13 • 02.09.13

Queen խմբի առաջնորդ Ֆրեդի Մերկուրիի մասին կենսագրական ֆիլմը կարող է հետաձգվել, հայտնել է նախագծի սցենարիստ Փիթեր Մորգանը։

 

Պատճառը կարող է դառնալ նկարահանող խմբից դերասան Սաշա Բարոն Քոենի հեռանալը, որը ֆիլմում պետք է մարմնավորեր երաժշտին։ Բրիտանացի դերասանը հրաժարվել է դերից՝ համաձայնության չգալով Queen խմբի երաժիշտների հետ, գրում է Газета-ն՝ վկայակոչելով NME-ին։

 

2010թ. սեպտեմբերին Queen խմբի մասնակիցները վերջապես համաձայնություն էին տվել ֆիլմ նկարահանել միջազգային Live Aid բարեգործական համերգի մասին, որը կայացել է 1985-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և որտեղ խումբը կատարել է Bohemian Rhapsody, We Are the Champions և Radio Ga Ga երգերը։

 

Ֆիլմի սցենարը գրել է Մորգանը, պրոդյուսերներից մեկն է Ռոբերտ դե Նիրոն, իսկ ֆիլմի արտադրությունը վստահվել է Tribeca Productions կինոընկերությանը։