Հայաստանում լույս է տեսել Կարոլսվերդի 240 նկարներով պատկերազարդ Աստվածաշունչը
Հայաստանում առաջին անգամ լույս է տեսել պատկերազարդ Աստվածաշունչ` գերմանացի նկարիչ Կարոլսվերդի 240 նկարներով: Գրքի թարգմանիչ, բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գիրքը Հին ու Նոր կտակարանների կարճ տարբերակն է:
«Իրականում այս նկարները փայտի վրա արված փորագրություններ են: Ժամանակին Կարոլսվերդին հասկացել է, որ մարդիկ իրենց կյանքի ընթացքում չեն կարողանում կարդալ Աստվածաշունչը, այդ պատճառներով փորձել է մարդկանց նկարների միջոցով հաղորդակից դարձնել կրոնին: Արդեն գրքի վրա այդ նկարները սև ու սպիտակ գույն են ստանում»,- ասաց նա:
«Լուսաբաց» հրատարակչության տնօրեն Վիտալի Ասլանյանը նշեց, որ գիրքը հրատարակվել է 500 օրինակով, մի մասը կազմված է կոշտ կազմով և արժե 8000 դրամ, մի մասն էլ փափուկ կազմով՝ 7000 դրամ:
«Մենք դեռևս 22 տարի առաջ խնդիր ենք դրել հրատարակել հոգևոր գրականություն: Այս գիրքը հրատարակելու ցանկությունը վաղուց կար: Բայց երբ հանդիպեցինք Մաքսիմի հետ, նա նոր առաջարկություններ արեց՝ տողատակերում լրացումներ անել, որը նկարը ավելի լավ ըմբռնելու հնարավորություն կտա: Մենք անընդհատ գլուխ ենք գովում՝ ամենահին քրիստոնյա ժողովուրդներից ենք, բայց դժվար է դրան արյուն ու մարմին տալ առանց կանոններին հետևելու: Մենք ձգտեցինք հայ մարդուն ավելի մոտեցնել քրիստոնեությանը»,-ասաց հրատարակիչը:
Մաքսիմ Ոսկանյանը նաև նշեց, որ իրենք ցանկանում են ապագայում դպրոցների համար հրատարակել պատկերազարդ Աստվածաշունչը, սակայն ավելի բարակ թղթով, որպեսզի գինն անհամեմատ էժան լինի:
Լուսանկարը՝ biblesociety.am-ի










