Վարպետության դասեր Վանաձորում «Արամ Խաչատրյան» եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանի կողմից
Սեպտեմբերի 2-ին ժ.11:00-ին Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցում «Դասական երժշտության զարգացման» հիմնադրամը` ի դեմս «Արամ Խաչատրյան» եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանի, անցկացրեց վարպետության դասեր: Դասընթացին մասնակցեցին դպրոցի թավջութակի դասարանի սաները և այլ ցանկացողներ: Ի դեպ, դպրոցի թավջութակի դասարանը բացվել է հիմնադրամի աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի աջակից «Կոնվերս Բանկ»–ի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին «Արամ Խաչատրյան» եռյակի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի, Կարեն Շահգալդյանի և Կարեն Քոչարյանի նախաձեռնությամբ` Հայաստանում դասական երաժշտության դասավանդման որակի բարելավման և տարածման նպատակով:
«Արամ Խաչատրյան» եռյակը Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Արցախում պարբերաբար հանդես է գալիս անվճար համերգներով և վարպետության դասերով: Վանաձորի երաժշտական դպրոցում բացված թավջութակի դասարանի նմանօրինակ դասարաններ հիմնադրամի աջակցությամբ կբացվեն նաև մի շարք այլ դպրոցներում: Երկրի տարբեր մարզերի շնորհալի երեխաները յուրաքանչյուր ամիս հիմնադրամից ստանում են կրթաթոշակ: Հիմնադրամի օգնությամբ մի քանի երիտասարդ երաժիշտներ մասնակցել են միջազգային փառատոններին, ստացել վարպետության դասեր Եվրոպայում, հնարավորություն ձեռք բերել շարունակելու ուսումը բարձրագույն կրթական հաստատություններում: Հիմնադրամը երիտասարադ երաժիշտներին օգնում է նաև երաժշտական գործիքների ձեռքբերման գործում:
Հիշեցնենք, որ «Կոնվերս Բանկ»–ն իր 20-ամյա տարեդարձը նշում է մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանի ներքո: Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի և «Արամ Խաչատրյան» եռյակի հովանավորումը բանկն իրականացնում է հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում»:










