Պուարոյի մասին նոր գիրք լույս կտեսնի

13:43 • 04.09.13

Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի մասին նոր վեպ, որի հեղինակը կդառնա գրող Սոֆի Հաննան, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ներին։

 

Ագաթա Քրիստիի ժառանգները Հաննայի հետ պայմանագիր են ստորագրել, որը թույլ է տալիս գրողին օգտագործել հայտնի կերպարը նոր ստեղծագործությունում։ Դեռևս անվանում չունեցող վեպը լույս կտեսնի հաջորդ տարի սեպտեմբերին, «Harper Collins» հրատարակչության կողմից։ Հեղինակն արդեն սկսել է աշխատել սյուժեի վրա։

 

Ագաթա Քրիստիի թոռը՝ Մեթյու Պրիչարդը, նշել է, որ Քրիստիի ժառանգների և Սոֆի Հաննայի մտադրությունները բոլորովին պատահական են համընկել։

 

«Նրա գրական գործակալը դիմել է «Harper Collins» հրատարակչությանն այն նույն շաբաթ, երբ ես և իմ գործընկերները սկսել էինք քննարկել Քրիստիի կերպարի մասին նոր գիրքը։ Հաննայի գաղափարն այնքան գրավիչ էր, իսկ նրա հետաքրքրվածությունն իմ տատիկի ստեղծագործություններով այնքան ուժեղ, որ մենք որոշեցինք՝ եկել է Ագաթա Քրիստիի ստեղծագործության հիման վրա նոր գիրք գրելու ժամանակը»,- ասել է  Պրիչարդը։