Երևանը կդառնա ռուսախոսության կենտրոն. Դավիթ Գյուրջինյան
Ռուսական «РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երևանում կարող են բացվել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ ու ռուսալեզու գիմնազիա: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչո՞վ է հղի այս քայլը և ի՞նչ հետևանքներ կունենա:
«Ես հիշում եմ խորհրդային տարիները. 70-ականներից սկսած՝ եկավ մի շրջան, երբ Երևանը քիչ-քիչ դառնում էր ռուսախոսության կենտրոն և մայրաքաղաքում հայտնվել էին տասնյակ ռուսական դպրոցներ, որտեղ սովորում էին հազարավոր հայ երեխաներ, նրանք հիմնականում ռուսական մշակույթի կրողներն էին դառնում: Նույնիսկ աշխատանքի ընդունելիս պայման էր դրվում, որ մարդը պիտի ռուսական կրթություն ունենա, հայերենը դարձել էր աղքատ ազգական Հայաստանում»,- ասել է ճանաչված լեզվաբանը:
Նրա ձևակերպմամբ, հիմա ևս կա այդ վտանգը, ինչին պետք է հակազդել. «Ասենք թե՝ բացեցին գիմնազիա, համալսարանի մասնաճյուղ և այլն, հակազդեցությունը պետք է այն լինի, որ մարդիկ չգնան ու «չլցվեն» այդ համալսարանն ու գիմնազիան, չնայած վախենամ, թե մեր նախկին ռուսախոսության արձագանքները վերակենդանանան և հայերենն ու հայախոսությունը վտանգվի»։
«Թող տպավորություն չստեղծվի, թե դեմ եմ ռուսաց լեզվին, ո՛չ: Շատ լավ կլինի, որ հայերս կատարելապես տիրապետենք ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին կամ գերմաներենին, բայց ո՛չ հայերենի հաշվին: Հայերենը Հայաստանում պետական լեզուն է և ամենուրեք պետք է իշխող լինի: Հայ երեխան չի կարող ի սկզբանե կրթություն ստանալ օտար լեզվով: Այդպես նա անհաղորդ է դառնում հայ մշակույթին, նրա հեքիաթների հերոսները ռուսական հեքիաթների հերոսներն են, բնականաբար ազգային մտածողությունն է խաթարվում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։










