Իսրայելցի հնագետները նոր ապացույցներ են գտել «Սողոմոն արքայի հանքերի» պատկանելության վերաբերյալ
Իսրայելցի հնագետները նոր ապացույցներ են հայտնաբերել, որոնց համաձայն՝ «Սողոմոն արքայի հանքեր» անունով հայտնի Տիմնա հովիտը պատկանել է իսրայելցիներին: Չնայած այն հանգամանքին, որ անցյալ դարի 70-ականներին ապացուցվել էր, որ հովտում շահագործվող հանքավայրերը պատկանել են եգիպտացիներին, իսրայելցի հնագետները պատրաստ են վիճարկել այդ հարցը, տեղեկացնում է Вести.Ru-ն:
Իսրայելի հարավում գտնվող անապատը հայտնի է իր տարաբնույթ ռելիեֆով և լանդշաֆտով: Տիմնա հովտում են գտնվում հայտնի Սողոմոնյան սյուները, որոնք կարմիր ավազաքարից կազմավորված բնական ժայռաքարեր են: Շատերը խորհրդավոր կապ են տեսնում այս սյուների և Սողոմոն արքայի կողմից Երուսաղեմում կառուցած հայտնի տաճարի միջև:
Անհիշելի ժամանակներից մարդիկ այստեղ զբաղվել են պղնձի արդյունահանմամբ, որը մարդու կողմից մշակված ամենահին մետաղներից է: Նախկին ուսումնասիրությունների արդյունքում այստեղ հայտնաբերված եգիպտական աստվածուհու տաճարի մնացորդները թույլ են տվել եզրակացնել, որ հովտում իշխել են եգիպտացիները:
Սակայն Թել Ավիվի համալսարանի հնագետները 2013-ին կատարած պեղումների արդյունքում պարզել են, որ տասներորդ դարում՝ Սողոմոն արքայի օրոք, այստեղ մեծ մասշտաբով պղնձի հանքի շահագործման աշխատանքներ են իրականացվել:












