Բուքմեյքերները Մուրակամիին Նոբելյան մրցանակի հավակնորդ են համարում
Բուքմեյքերները ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիին ճանաչել են 2013 թվականի գրականության Նոբելյան մրցանակի ամենախոստումնալից թեկնածուն, գրում է lenta.ru-ն: Ինչպես հաղորդվում է բրիտանական բուքմեյքերական Landbrokes ընկերության կայքում, Մուրակամիի հաջողության դրույքներն ընդունվում են 3-ը 1-ի հարաբերակցությամբ:
Ֆավորիտների թվում է նշվում նաև ամերիկուհի Ջոյս Քերոլ Օութսը (6-ը 1-ի), հունգարացի Պետեր Նադաշը (7-ը 1-ի), կորեացի Կո Ունը (10-ը 1-ի) և կանադուհի Էլիս Մունրոն (12-ը 1-ի): 100-ը 1-ի են գնահատվում ռուս բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի շանսերը:
Մուրակամին առաջին անգամ չէ, որ դառնում է բուքմեյքերների ֆավորիտ: Անցած տարի, չնայած նույն բուքմեյքերական ընկերության դրույքներով ֆավորիտ էր համարվում կրկին Մուրակամին, մրցանակը, այնուամենայնիվ, հանձնվել է չինացի գրող Մո Յանին:










